Արևոտ եղանակ, դույլերով ջուր, միմյանց ջրելու հարմար առիթ որսացող խորամանկ հայացքներ․․․ Ամեն տարի հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշանավորվում է նաև միմյանց ջրելու հաճելի ավանդույթով։ Ասում են՝ այս օրը ջրվելով բժշկվում են նույնիսկ վատառողջները։
Ըստ Աստվածաշնչի, Հիսուս Քրիստոսն իր երեք առաքյալների` Պետրոսի, Հակոբի և Հովհաննեսի հետ բարձրացավ Թաբոր լեռան վրա, որտեղ գտնվում էին նաև Մովսեսն ու Եղիան: Նրանց հետ զրուցելիս Քրիստոսը պայծառակերպվում է, դեմքն արեգակի պես փայլում է, իսկ նրա հագուստը լույսից էլ սպիտակ դառնում:
Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:
«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:
Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:
Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:
Այս տարի Վարդավառը նշվում է հուլիսի 8-ին, սակայն տոնական միջոցառումները մեկնարկել են արդեն հուլիսի 7-ից։ Արարատյան Հայրապետական թեմի ու երիտասարդների նախաձեռնությամբ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց տոնի նախօրեին տեղի ունեցավ տոնական երթ: Երթի մասնակիցները շարժվեցին մինչեւ Երևանի մանկական զբոսայգի, որտեղ տեղի ունեցավ տոնը խորհրդանշող ազգային երգ ու պարով միջոցառում:
Արդեն հուլիսի 8-ին բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո սկսվեց արդեն իսկական «ջրոցին»։
Լուսանկարներ Թբիլիսիից և Ջավախքից