Վրաստանում ՏԻՄ ընտրություններին մնացել է 1 օր: Քաղաքացիների կողմից ընտրվելու է 64 սակրեբուլոյի 2058 պատգամավոր, 5 քաղաքի ու 59 շրջանի ղեկավար: ՏԻՄ ընտրություններին ամենաշատ թեկնածու առաջադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Ընդհանուր առմամբ քաղաքների ու շրջանների ղեկավարի պաշտոնների համար պայքարում է 378 թեկնածու, որոնցից 44-ը` կին է:
Թբիլիսիի քաղաքապետի 2 կին թեկնածուներից մեկը Էլենե Խոշտարիան է, առաջադրված ՝ «Բաքրաձե-Ուգուլավա Եվրոպական Վրաստան» քաղաքական դաշինքի կողմից: Քաղաքական այս ուժը ընդամենը 2016 թվականին է ձեւավորվել, խորհրդարանական ընտրություններից հետո՝ Միխեիլ Սաակաշվիլիի Միացյալ ազգային շարժում կուսակցության նախկին անդամների կողմից: Դրա ստեղծման մասին հայտարարվեց 2017 թվականի հունվարի վերջին, իսկ կուսակցության անդամների ցուցակը հանրությանը ներկայացվեց գարնանը: Կուսակցությունից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Էլենե Խոշտարիան, 2016 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններին ՄԱՇ-ի ընտրացուցակով ընտրվեց որպես խորհրդարանի պատգամավոր:
Էլենե Խոշտարիան ծնվել է Թբիլիսիում, ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը` Միջազգային անվտանգություն մասնագիտացմամբ:
2002 թվականին պրակտիկա է անցել Մարդու իրավունքների «Մոսկվայի հելսինկյան խմբի» եւ Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրված Վրաստանի դեսպանատանը: 2004 թվականից հանդիսացել է Վրաստանի ՆԳՆ-ի միջազգային հարաբերությունների եւ եվրատլանտյան ինտեգրման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ: 2012-2016 թթ. աշխատել է GRASS ՝«Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա» կազմակերպությունում: 2016 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրվել է 9-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, եղել է «Ազգային շարժում- հանուն Վրաստանի առաջընթացի» խորհրդարանական խմբակցության անդամ: Եվրոպական Վրաստանի ստեղծումից հետո համարվում է «Եվրոպական Վրաստան» խմբակցության անդամ:
Իր նախընտրական ծրագրում Խոշտարիան ուշադրություն է դարձնում 3 հիմնական ուղղությունների վրա. Սոցիալական վիճակ, գործազրկություն եւ ապրելու միջավայր:
Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն քաղաքի բյուջեից շուրջ 200 մլն լարի է խոստանում սոցիալական ծրագրերին: 50 լարիով ավելացնել կենսաթոշակները, իսկ 70-ով՝ սոցիալական անապահովներին հատկացված օգնությունը: Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա Խոշտարիան խոստանում է ավելացնել դրանք 35 հազար լարիով: Որպես 3-րդ խնդրի լուծում Խոշտարիան առաջարկում է փոխել բեռնատար երկաթգծի ուղղությունը: Այս դեպքում, ըստ քաղաքապետի` «Եվրոպական Վրաստանի» թեկնածուի, քաղաքում հնարավոր կլինի կառուցել առեւտրային կենտրոններ, այգիներ եւ այլն:
Խոշտարիան ուշադրություն է դարձնում նաեւ վթարային վիճակում գտնվող շինությունների վրա, խոստանում է զբաղվել դրանց վերանորոգմամբ: Ինչ վերաբերում է փողոցային առեւտրին, որը վերջերս արգելվեց Թբիլիսիի ներկայիս քաղաքապետի կողմից, Խոշտարիան առաջարկում է ստեղծել քայլուղիներ, որտեղ հնարավոր կլինի նաեւ զբաղվել փողոցային առեւտրով: Խոստումների շարքում է նաեւ տրանսպորտային համակարգի բարեփոխումը՝ զարգացնելով հանրային տրանսպորտը, իսկ մասնավորապես տրամվայի վերականգնումն ու ճոպանուղիային ենթակառուցվածքի ընդլայնումը: Բացի կենտրոնական այգու ստեղծումից, Խոշտարիան նաեւ առաջարկում է վերականգնողական կենտրոններ ստեղծել:
Իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Էլենե Խոշտարիան ացելել է Թբիլիսիի տարբեր թաղամասեր, զրուցել մայրաքաղաքի բնակիչների հետ: Հատկանշական է նաեւ, որ Խոշտարիան հաճախ էր մասնակցում Թբիլիսիում կազմակերպվող հայկական միջոցառումներին, եկեղեցական տոներին: Այս տարի դա Վարդավառն էր: Ակտիվորեն վարում էր նաեւ իր ֆեսյսբուքյան էջը, #ელენეშენსმეზობლად (Էլենեն որպես քո հարեւան) նրա` սոցցանցերում տարածած հեշթեգն է :
Խոշտարիան ընտրություններին մասնակցում է թիվ 2 ընտրական համարի ներքո: