Վրաստանի ներքաղաքական իրադարձությունները` մասնավորապես օրերս սեռական բնույթի տեսանյութերի հրապարակումներն են եղել Վրաստանի նախկին արտգործնախարար, սալոմե Վրաստանի ճանապարհ» կուսակցության առաջնորդ Սալոմե Զուրաբիշվիլիի ասուլիսի առանցքային թեման:
Վրաստանի արտաքին գերատեսչության` թվով վեցերորդ ղեկավարը սխալ է համարում այդ իրադարձություններն « ահաբեկչություն» անվանելը, իսկ նախագահի հայտարարությունը չի մեկնաբանում:
« Անձնական բնույթի տեսանյութերը ամբողջ աշխարհում ընդունված հիվանդություն են: Սրանով զբաղվում ու գումար է վաստակում դեղին մամուլը: Այստեղ անսովոր ոչինչ չկա, սակայն նման տեսանյութեր հրապարակելու համար ամբողջ աշխարհում պատիժ է սահմանվում: Մեզ մոտ դա սովորական երևույթ չէ. Իրական մեղքը այն է, որ տեղի ունեցավ 2009 թվականին, երբ նկարահանում էին մարդու անձնական կյանքն ու այն օգտագործում որպես սպառնալիք»:
Զուրաբիշվիլին հիշեց, երբ իր պաշտոնավարման տարիներին արտաքին գործերի նախարարությունում հայտնաբերեցին թաքցրած տեսախցիկներ: Նշեց, որ «դրանում մահացու ոչինչ չկար».
«Ես սխալ եմ համարում, երբ այս ամենն ահաբեկչություն են անվանում: 2009-ին նման կերպ չենք վարվել: Այն դեպքում, երբ հարեւան երկրում իսկապես ահաբեկչության ականատես ենք լինում, այս իրադարձություններին մենք չենք կարող նույն անունը տալ` հերոսացնելով տեսանյութի մասնակիցներին: Իսկ նախագահի ոչ ադեկվատ հայտարարությունն ընդհանրապես հրաժարվում եմ մեկնաբանել»:
Նախկին արտգործնախարարի խոսքով` ներկայիս կառավարության պարտականությունն էր` հետաքննել այն, ինչ տեղի է ունեցել նախկին իշխանությունների օրոք: Սակայն դա մինչ օրս չի իրականցվել: Զուրաբիշվիլին աբսուրդ որակեց այն տեղեկատվությունը, թե 2012 թվականին նմանատիպ տեսաերիզները ոչնչացվել են:
Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձավ նաեւ արտաքին գործերի նախարարության` ներկայիս գործունեությանը. «Կոռեկտ չեմ համարում գնահատական տալ նախկին կամ ներկա նախարարների գործունեությանը: միայն կարող եմ ասել այն, որ այսօր մեր քաղաքացիների համար ամենակարևոր ձեռքբերումներից է ազատ մուտքի արտոնագիր ստանալը: Այս ուղղությամբ նախարարության իրականացրած գործունեությունը դրական եմ համարում: Հուսով եմ, որ այս գործընթացը շարունակություն կունենա, սակայն ես կարծում եմ, որ բավարար չէ այն, որ Եվրահանձնաժողովը Եվրախորհրդարանում լավ կարծիք ունի մեր երկրի իրականացրած գործունեության մասին: Գլխավորն այն է, որ անդամ բոլոր երկրները կողմ հանդես գան այդ առաջարկին»:
Զուրաբիշվիլին ավելացրեց, որ արդյունքի հասնելու համար պետք է Եվրամիության անդամ երկրների հետ կապերը էլ ավելի սերտացնել, ինչն ըստ` նրա միայն Արտգործնախարարության առաքելությունը չէ:
Հիշեցնենք, որ վրացական մամուլում ու սոցիալական ցանցերում վերջին օրերին թեժ քննարկումներ են ծավալվել մարտի 11-ին համացանցում տարածված, նախ` ` ենթադրաբար Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Մայա Փանջիկիձեի մասնակցությամբ անձնական բնույթի տեսանյութի շուրջ եւ ապա մարտի 14-ի առավոտյան նմանատիպ մեկ այլ տեսանյութից հետո: «Դուրս եկեք քաղաքականությունից եւ կդադարեցնենք նմանատիպ կադրերի տարածումը, հակառակ դեպքում՝ հանրությունը կտեսնի ձեր մասնակցությամբ այլ տեսանյութեր եւս»,-տարածելով տեսանյութը` այսպես էր սպառնում հեղինակը:
Երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել էր, որ այստեղ ամոթալին ոչ թե սեքսն ու սեռական կյանքն են, այլ՝ դա նկարահանողների գործողությունները:
Հավելենք` երկրի հատուկ ծառայություններն այսօր զբաղվում են մեղավորներին հայտնաբերելու և գործը բացահայտելու ուղղությամբ: Սկանդալային այս գործի շրջանակներում արդեն մեղադրանք է առաջադրվել երկու տղամարդու նկատմամբ: