Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատում այսօր՝ մարտի 8-ին տեղի կունենա Վանո Մերաբիշվիլի գործի բանավոր ներկայացումը:
Մերաբիշվիլիի փաստաբանի խոսքերով՝ դատարանում այսօր կորոշվի՝ խախտվե՞լ է, արդյոք, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Տեղեկացնում է «Frontnews.ge»-ն:
Գործը վերաբերում է Մերաբիշվիլիին բանտից հնարավոր ազատ արձակմանը: Գործի քննարկումը կավարտվի հենց այսօր, սակայն դատավճիռը կկայացվի ավելի ուշ:
«8 դատավորից կազմված խումբը միաձայն նշել է, որ Մերաբիշվիլիի ձերբակալումը զուրկ է իրավական հիմքերից, նրանց իսկ խոսքերով՝ իշխանությունները առաջնորդվել են «մութ» քաղաքական օրակարգով: Այս որոշումը բողոքարկվել է մեծ պալատի կողմից և այսօր մեծ պալատում բանավոր լսում տեղի կունենա: Եթե պարզվի, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Եվրոպական դատարանը կոչ կանի Վրաստանին ազատ արձակել Մերաբիշվիլիին և վերանայել այլ քաղբանտարկյալների գործերը»,- նշել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Օթար Կախիձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին ձերբակալվել էր 2013 թվականի մայիսի 21-ին: Նա մեղադրվում է աշխատանքային լիազորությունները չարաշահելու, կաշառակերության, ինչպես նաև պետական բյուջեն վատնելու մեջ: 2014 թվականի փետրվարի 17-ին Մերաբիշվիլին դատապարտվել է 5 տարի ազատազրկման: