Վրաստանի պետական անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի ղեկավար Նինո Գիորգոբիանին տեղեկացրել է, որ նոյեմբերի 22-23-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության ժամանակ սպանված ենթադրյալ ահաբեկիչներից մեկը Ախմեդ Չատաևն է:
«Ցանկանում եմ այս փուլում առկա տեղեկատվությունը տրամադրել: Ամերիկացի գործընկերների օգնությամբ իրականացված հետաքննչական գործողությունների և փորձագիտության արդյունքում պարզվել է, որ ոչնչացվածներից մեկն Ախմեդ Չատաևն է»,- հայտարարել է Նինո Գիորգոբիանին:
Ախմեդ Չատաևը Վրաստանի նախկին իշխանությունների ժամանակ վրաստանյան գործակալ է եղել: Վրաստանի ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ Գիա Լորթքիփանիձեի խոսքով, Չատաևը նախ լավ ինֆորմատոր է եղել և Վրաստանի ու Հյուսիսային Կովկասի՝ իսլամիստական ընդհատակյա խմբերի հետ բանակցություններ է վարել: Չատաևի օգնությամբ Վրաստանում կանխվել է մի քանի ահաբեկչություն: Սակայն, ավելի ուշ, ըստ Լորթքիփանիձեի, Չատաևը սկսել է գործել ընդդեմ Վրաստանի իշխանությունների: Մասնավորապես, 2012 թվականի օգոստոսի 28-ին տեղի է ունեցել Լափանկղուրիի հատուկ գործողությունը:
«Լափանկղուրիի անտառում մի քանի զինված անձ է եղել, ովքեր փորձել են երկիր մուտք գործել Ռուսաստանի տարածքից: Չատաևին ուղարկել են բանակցելու նրանց հետ՝ հաշվի առնելով, որ վերջինիս կլսեն։ Սակայն ավելի ուշ Չատաևը հայտարարել է, որ իր մահմեդական ընկերներին մենակ չի լքի և ստիպված է մնալ ու մասնակցել հետագա գործողություններին»,-ասել է Լորթքիփանիձեն:
Լափանկղուրիի հատուկ գործողության հետևանքով Չատաևին ձերբակալել են՝ պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման մեղադրանքով: Հատուկ գործողության հետևանքով նա կորցրել է ձախ ոտքը:
2012 թվականի իշխանափոխությունից հետո նրան ազատ են արձակել, իսկ ավելի ուշ՝ դադարեցրել քրեական գործը՝ «ապացույցների բացակայության պատճառով»:
2015 թվականից ԱՄՆ-ն Չատաևին ներառել է միջազգային ահաբեկիչների ցանկում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին վարժեցնելու համար: Չատաևը ղեկավարել է նաև ԻՊ ջոկատներից մեկը՝ «Յարմուկի բատալիոն»-ը, որտեղ հիմնականում հյուսիսկովկասցիներ են՝ մեծ մասամբ չեչեններ, կան նաև դաղստանցիներ և վրաստանցիներ՝ հիմնականում Պանկիսի կիրճից: