Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում ընդդիմադիր ուժերի կազմակերպած հանրահավաքն ավարտվել է:
Ընդդիմության առաջնորդները հանդիպել են Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ: Մի քանի ժամ տևած դռնփակ հանդիպումից հետո պարզ է դարձել, որ ընդդիմության երկու առաջնորդները ստացել են փոխվարչապետի և գլխավոր դատախազի պաշտոնները: Որոշ ընդդիմադդիրներ էլ պաշտոն են ստացել Սահմանադրական դատարանում և ԿԸՀ-ում:
Միևնույն ժամանակ, համաձայանություն է ձեռք բերվել, որ մոտ ապագայում պետք է օրինագիծ մշակվի, որով նախագահը չի կարող առանց խորհրդարանի համաձայնության վարչապետ նշանակել:
Հիշեցնենք՝ ընդդիմադիր ուժերի լայնածավալ հանրահավաքը Սուխումիում սկսվել էր երեկ՝ դեկտեմբերի 15-ին: Նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ դռնփակ հանդիպումից հետո ընդդիմության առաջնորդները շնորհակալություն են հայտնել իրենց աջակիցներին և ցրել ցույցը:
Ընդդիմության կազմակերպած հանրահավաքը պահանջում էր Ռաուլ Խաջիմբայի հրաժարականն ու արտահերթ ընտրություններ: Խաջիմբան, սակայն, հրաժարվում էր այդ պահանջներից՝ ասելով. «Այդ պահանջներից բացի, հնարավոր է ամեն ինչ․․․»:
Տեղեկացնենք, որ մինչ հանրահավաքը Խաջիմբան հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ըստ տեղեկատվության, հանդիպման գլխավոր թեման Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում ստեղծված քաղաքական իրավիճակն է եղել: Այդ ժամանակ Պուտինը հայտարարել էր. «Եթե Աբխազիայում ներքին քաղաքական գործընթացները բարդանան, ապա դա կխանգարի երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը»: Տեղեկացնում է «Netgazeti.ge» պարբերականը: