Սկսվել է մահմեդական աշխարհի պահքի ամիսը` Ռամադանը: Մահմեդական ավանդույթի համաձայն` հենց այս ժամանակ է Գաբրիել հրեշտակը Մուհամեդ մարգարեին փոխանցել առաջին աստվածային հայտնությունը, որը դարձել է մահմեդականների սուրբ գրքի` Ղուրանի հիմքը:
Ռամադանին մահմեդականները խուսափում են ուտելիքից ու ջրից ցերեկային ժամերին, սնվում` արեւի մայր մտնելուց հետո միայն: Սրբազան այս ամսվա ընթացքում խրախուսվում են բարի գործերը, աղոթքին և Ղուրան ընթերցելու լրացուցիչ ժամանակ տրամադրելը: Մահմեդական պահքի ավարտին ընդունված է հյուրասիրել հարազատներին և մտերիմներին, հարևաններին և անծանոթներին` անկախ նրանց կրոնական պատկանելությունից: Տոնի պարտադիր պայմաններից է ողորմություն բաժանելը, տոնական օրերին ընդունված է նաև այցելել մերձավորների շիրիմներին:
Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեն շնորհավորել է երկրի մահմեդական հանրությանը` սրբազան ամսվա մեկնարկի առիթով, մաղթել հոգևոր խաղաղություն և բարգավաճում: «Մահմեդականությունը մեր երկրի բազմակրոն մշակույթում երկարամյա պատմություն ունի: Սուրբ Ռամադանին մեր մահմեդական հայրենակիցներին ցանկանում ենք, որպեսզի այս սուրբ ամիսը լի լինի հոգևոր հարստությամբ ու բարությամբ», — նշված է գործակալության հայտարարությունում: