Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հեղինակած Սիրիայում ընթացող իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունը չի ներառվել խորհրդարանի դեկտեմբերի 28-ի արտահերթ նիստի օրակարգ։
Ընդդիմադիր պատգամավոր Սերգի Ռատիանին «տխրեցուցիչ» է համարել օրակարգում հարցի քննարկումը հաշվի չառնելու փաստը:
Ի պատասխան Ռատիանիի՝ խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն պարզաբանել է, որ հարցի կարեւորության հետ բոլորը համաձայն են, սակայն Վրաստանը Սիրիայի վերաբերյալ իր դիրքորոշումը տարբեր ձեւաչափերում արտահայտել է: Կոբախիձեն ավելացրել է նաև, որ հայտարարության տեքստի բովանդակության պատճառով խորհրդարանը նախորդ նիստին չի աջակցել հարցի արագացված կարգով քննարկմանը:
Իր հերթին Ռատիանին նկատել է, որ իշխող «Վրացական երազանք»-ի դանդաղ գործունեության պատճառով նախկին գումարման խորհրդարանը չկարողացավ ընդունել նաև «Միացյալ ազգային շարժման» նախաձեռնած Ռուսատանի կողմից Վրաստանի օկուպացված տարածքների մասին բանաձևը: