Թբիլիսիում ավտոմեքենաների ապօրինի կայանումների տուգանքների հավաքագրումն իրականացնող «Սիթի պարկ» ընկերությունը Թբիլիսիի քաղաքապետարանի դեմ բողոք կներկայացնի այս կիրակի։ Այս մասին հայտնել է «Սիթի պարկ» ընկերության իրավաբան Թամար Շուբիթիձեն։
Նրա խոսքով, քաղաքապետարանի դեմ բողոքը վերաբերում է քաղաքապետարանի և ընկերության միջև պայմանագրի միակողմանի չեղարկմանը։
Շուբիթիձեի խոսքով, քաղաքապետարանը ընկերության հետ ձեռք բերված պայմանագիրն անհիմն կերպով է չեղարկել, ինչն անօրինական է։
«Պայմանագրի ընդհատման դեմ բողոքելու համար մինչև ապրիլի 14-ը ժամանակ ունենք, սակայն ընկերությունը դատարանին առաջիկա կիրակի օրը կդիմի»,- ասել է Թամար Շուբիթիձեն։
Հիշեցնենք՝ մարտի 13-ին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել էր, որ ապրիլի 10-ից կչեղարկվի «Սիթի պարկ» ընկերության հետ կնքված պայմանագիրը, իսկ այդ ընկերության գործառույթները կկատարի Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը։