Վրաստանում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ։
Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին այցի համար և ուշադրություն դարձրել երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի վրա։
«Մեծարգո նախագահ, ողջունում եմ Ձեզ։ Ուրախ ենք, որ որոշել եք այցելել Վրաստան։ Առաջին հերթին շնորհավորում եմ գալիք Նոր տարին, ցանկանում եմ խաղաղություն և կայուն զարգացում Ձեր երկրին։ Ուրախ եմ, որ Ձեր այցը համընկնում է մեր երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին, թեև մեր հարաբերությունները բազմադարյա են և միշտ ջերմ ու բարիդրացիական են եղել, ինչպես այսօր»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին, շնորհակալություն է հայտնել վարչապետին և երկու երկրների հարաբերությունների էլ ավելի զարգացման հույս հայտնել։
«Շատ շնորհակալություն, պարոն Վարչապետ, ջերմ ընդունելության համար։ Վստահ եմ, բարձր մակարդակի հանդիպումները միայն դրական արդյունքներ կտան մեր երկրների հարաբերություններին։ Օգտվում եմ առիթից և շնորհավորում վրաց ժողովրդի գալիք Ամանորը, ցանկանում եմ համբերություն, լավատեսություն, քանի որ մենք այլ ճանապարհ չունենք, մենք պարտավոր ենք էլ ավելի զարգանալ»,- նշել է ՀՀ նախագահը։
Կողմերը խոսել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի՝ Հայաստան այցի մասին, որը ծրագրվում է մոտակա ապագայում։