Հունիսի 27-ին տեղի ունեցավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Սբ․ Մովսես Խորենացի» նախակրթարանի 2016-2017 ուսումնական տարվա եզրափակիչ միջոցառումը: Այս մասին տեղեկացնում է Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, թեմի հոգևորականները, ծնողներ, ուսուցիչներ, նախակրթարանի նախկին սաներ:
Ցերեկույթը սկսվել է նախակրթարանի սաների հնչեղ Տերունական աղոթքով և Թեմակալ առաջնորդի օրհնությամբ: Միջոցառումը բացել է թեմի կրթական բաժնի տնօրեն, «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը: Նա իր երախտագիտությունն է հայտնել Վիրահայոց Թեմի առաջնորդին՝ մանկական հաստատությունը միշտ իր ուշադրության ներքո պահելու և հնարավորինս աջակցելու համար: Խոսել է այն 17 շրջանավարտների մասին, որոնցից 11-ը ուսումը շարունակելու է մայրաքաղաքի հայերեն ուսուցմամբ դպրոցներում:
Երեխաներին մանկության նոր, առավել պատասխանատու շրջան ոտք դնելու կապակցությամբ շնորհավորել են եւ բարի երթ մաղթել Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոս Էլինա Մկրտչյանը, «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը:
Հեռավոր Շվեդիայից ժամանած հոգեշնորշ Տեր Եղիշե վարդապետը միջոցառումից իր հիացմունքն է արտահայտել կայացրած որոշմամբ՝ իր ղեկավարած համայնքում նույնպես հիմնել նմանօրինակ հաստատություն:
Ամփոփելով միջոցառումը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գնահատանքի խոսքեր է ուղղել նախակրթարանի ղեկավարին, ուսուցիչներին, դայակին, բոլոր ծնողներին:
6-ամյա պատմություն ունեցող Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում երեխաների օրը սկսվում է աղոթքով և հոգևոր հայրերի օրհնությամբ, սարկավագ Գևորգ Անտոնյանի զրույցներով, ուսուցիչների դասերով և խաղերով: Նախակրթարանում երեխաների դաստիարակությունն ընթանում է ընդհանուր ունակությունների, գրաճանաչության, տարրական թվաբանության, գեղարվեստական խոսքի և հոգևոր տեղեկությունների հաղորդման ուղղությամբ: Վիրահայոց թեմի առաջնորդի աջակցությամբ, երկարաձգվել է նախակրթարանի գործունեության օրվա տևողությունը և ապահովվում է օրվա ընթացքում երեխաների մեկ անգամվա սնունդը: