Սարփի անցակետում բողոքում են թուրքական նոր կանոնակարգերի դեմ

Վրաստանի և Թուրքիայի սահմանին` Սարփիի անցակետում, Վրաստանի մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտից բողոքի ակցիա են անցկացնում:

Նրանք բողոքում են Թուրքիայի կողմից սահմանված նոր կարգավորումների դեմ, ըստ որոնց, 2018 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա քաղաքացին անգամ 1 ժամով հատելով Թուրքիայի սահմանը, համարվում է, որ 1 օր մնացել է Թուրքիայում: Այս որոշումը գործում է Թուրքիայի բոլոր անցակետերում, վերաբերվում է բոլոր օտարերկրացիներին:

Սարփիի ցուցարարները հենց այն անձինք են, ովքեր աշխատում են սահմանին մոտ գտնվող թուրքական քաղաքներում: Ըստ նրանց, 90 օրյա ժամկետից հետո չեն կարող Թուրքիա մեկնել առանց աշխատանքային վիզայի կամ մշտական բնակության փաստաթղթի: Ըստ ցուցարարների, հիշյալ կանոնակարգերի արդյունքում կմնան առանց եկամուտների:

Ավելի ուշ, ցուցարարներին են հանդիպել Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեն և Թուրքիայի հյուպատոս Մաքբուլյ Քոչակը: Վերջինիս ցուցարարների ներկայությամբ Պատարաձեն խնդրել է Վրաստանի քաղաքացիների համար բացառություն անել և վերանայել ընդունած որոշումը։

Տեղեկացնենք, որ մինչ այս մեկ օրվա ընթացքում Աջարիայից Թուրքիա այցելել և վերադառնալը չէր գրանցվում, հետևաբար, դրանից զատ Վրաստանի քաղաքացին պահպանում էր նաև առանց վիզայի 90 օր Թուրքիայում գտնվելու մասին տրվող իրավունքը:

 

 

Թողնել պատասխան