Սարգսյան-Ալիեւ հանդիպումը մեկնարկել է Վիեննայում (թարմացվող)

Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը Twitter-ում գրառում է կատարել,

ըստ որի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների եւ համանախագահների մասնակցությամբ` Վիեննայում սկսվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

Ծրագրվում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը` Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ:

Ռուսական ТАСС գործակալության տեղեկատվությամբ` հանդիպման ավարտին նախատեսվում է հայտարարություն, որը պետք է ամրապնդի տարածաշրջանում հակամարտության կարգավորման քաղաքական ուղղվածությունը: Նույն աղբյուրը եզրակացություն է անում, որ ամփոփիչ հայտարարությանը հասնելը հեշտ չի լինի, քանի որ սա` Սարգսյան-Ալիեւ առաջին հանդիպումն է ապրիլյան պատերազմից հետո:
67996_b Մինչ այդ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի զարգացումներին և անվտանգությանն սպառնացող ներկայիս մարտահրավերներին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում հանգամանալից անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության շփման գոտում անցյալ ամսվա սկզբին հրադադարի կոպիտ խախտման հետևանքով առաջացած լարվածության աճին և ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություններին:  Սերժ Սարգսյանը ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ` կարևորել է 1994թ. զինադադարի մասին և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անվերապահ կատարման անհրաժեշտությունը, որպես խնդրի կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը նպատակաուղղված առաջին քայլ:

55117612-CD6C-4C03-A411-E33CC39A51EF_w640_r1_sԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը  «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է.

«Մենք այս երեկո շատ կարևոր հարցեր ունենք քննարկելու նախագահների հետ: Առաջինը և ամենակարևորը՝ մենք ակնկալում ենք, որ երկու նախագահները մեզ կվստահեցնեն, որ 1994-95 թվականների հրադադարի համաձայնագրերը պահպանելու են: Մենք նաև ակնկալում ենք քննարկել վստահության բարձրացման միջոցների մասին: Մենք ուզում ենք սկսել բանակցություններ, որոնք կավարտվեն համապարփակ կարգավորմամբ, մինչդեռ, քանի դեռ պատերազմական գործողությունները շարունակվում են, նման բանակցություններ վարել հնարավոր չէ: Այս առումով՝ ես վստահ եմ, որ նախարարները նախագահների հետ կքննարկեն հավասարակշռության վերահաստատման մեխանիզմները, վստահության բարձրացման միջոցները, ինչպես նաև անհրաժեշտ հումանիտար քայլերը: Մենք նաև հույս ունենք, որ նախագահները կհամաձայնեն առաջ շարժել բանակցային գործընթացը համապարփակ կարգավորման ուղղությամբ»:

«Հայկական ժամանակ»  պարբերականը գրում է` Այնումենայնիվ, փորձագետները մեծ հույսեր չեն փայփայում Վիեննայի հանդիպման հետ: Օրինակ, Ռուսաստանի Ազգային ռազմավարության հարցերով խորհրդի գլխավոր տնօրեն Վալերի Խոմյակովը Коммерсант-ի հետ զրույցում ասել է, թե Սարգսյան-Ալիեւ հանդիպումից պետք չէ շատ բան ակնկալել, քանի որ Բաքվի ու Երեւանի հակամարտության հիմքում բազմամյա հակասություններն են:

«Շատ կարեւոր է, որ երկու նախագահները հանդիպեն։ Տեսնենք, թե ինչպես են նրանք միմյանց հետ շփվելու, միմյանց ձեռք կսեղմեն արդյոք եւ այլն. այդ մանրուքները երբեմն շատ բանի մասին են խոսում։ Առաջին քայլը՝ ինչպես դա տեղի կունենա, կարող է որոշակի հիմք ստեղծել այդ կրքերի հետագա աստիճանական հանդարտեցման համար»,— ասել է Խոմյակովը։

Իր հերթին, Հումանիտար-քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերը կարծում է, որ բախումների դադարեցման համար հիմք կա։ Նրա խոսքով, քաղաքական կարգավորումը ներկայումս նույնքան հեռու է, որքան 10,15, 20 տարի առաջ։

Լուսանկարները`  Panorama.am-ի, hetq.am-ի և azatutyun.am-ի

 

 

Թողնել պատասխան