Զազա Սարալիձեն և Մալխազ Մաչալիկաշվիլին գիշերն անց են կացրել խորհրդարանի շենքի առջև: Նրանք պահանջում են պատժել իրենց երեխաներին սպանողներին: Զազա Սարալիձեն հայտարարել է, որ հացադուլ է սկսել և չի պատրաստվում հեռանալ խորհրդարանի շենքի մոտից, քանի դեռ իր պահանջները չեն բավարարվել:
«Սա վերջին անգամն է, որ մենք խաղաղ ցույցով փողոց ենք դուրս գալիս: Մենք պահանջում ենք կառավարության հրաժարականը: Այլ դեպքում, մենք կդիմենք ուրիշ քայլերի: Հացադուլն արդեն սկսել եմ և մտադիր եմ շարունակել: Ինչ վերաբերում է Մալխազ Մաչալիկաշվիլիին, նա իմ հետ է, թեև կրոնն արգելում է հացադուլ անել», — «Ալիք մեդիա» ասել է Սարալիձեն:
Վերջինս նաև հավելել է, թե հույսի ունի, որ հասարակությունը կաջակցի իրեն, սակայն հակառակ դեպքում էլ՝ շարունակելու է իր բողոքը:
Նշենք, որ երեկ Սարալիձեն ու Մաչալիկաշվիլին կառավարությանը 24 ժամ էին հատկացրել և պահանջում էին կառավարության հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Հիշեցնենք, որ Մալխազ Մաչալիկաշվիլիի որդին մահացու վնասվածք էր ստացել հատուկ գործողության ժամանակ` Պանկիսիում, իսկ Սարալիձեի որդին սպանվել էր Խորավա փողոցում՝ իր հասակակիցների հետ կռվի ժամանակ: