ԱՄՆ-ի Սան Դիեգոյի պետական համալսարանը Վրաստանում բարձրագույն կրթության նոր ծրագրեր է ներկայացրել:
Փետրվարի 7-ին համալսարանի ներկայացուցիչները ներկայացրել են շինարարական և քաղաքացիական ճարտարապետության վերաբերյալ նոր կրթական ծրագրերը:
«Այսօրվա միջոցառման նպատակը շինարարական ոլորտի ներկայացուցիչներին իրենց բնագավառի վերաբերյալ ամերիկյան նոր կրթական ծրագրերին ծանոթացնելն է: Այս ծրագրերը մշակվել են ոլորտի մասնագետների հետ սերտ համագործակցության արդյունքում, որտեղ հաշվի է առնված նաև շուկայի պահաջարկը», — հայտարարել է Վրաստանում Սան Դիեգոյի համալսարանը ներկայացնող պրոֆեսոր Քեն Ուոլշը:
Կալիֆոռնիայում գործող Սան Դիեգոյի համալսարանը նահանգի ամենապահանջված հանրային ուսումնական հաստատություններից մեկն է, որտեղ սովորում է շուրջ 35 հազար ուսանող: Համալսարանի բյուջեն գերազանցում է 120 միլիոն դոլարը:
Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» աջակցությամբ` 2015 թվականից, Սան Դիեգոյի համալսարանը սկսել է գործունեություն ծավալել նաև Վրաստանում: Թբիլիսիում կառուցվում է համալսարանի շենքը, որտեղ ցանկացողները ինժեներիայի եւ հարակից ոլորտներում ամերիկյան կրթություն եւ դիպլոմներ ստանալու հնարավորություն ունեն: