Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ պարզաբանելով, թե ինչու է հրաժարվել պատգամավորական մանդատից, և ինչով է այժմ զբաղված։
«Ինչպես արդեն հայտնի է, նոյեմբերին ես որոշեցի չմասնակցել 2016-2020թթ․Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի աշխատանքներին: Իմ որոշման համար հիմնք են հանդիսացել նախ այն ընտրական խախտումները, ապօրինություններն ու նշանակալի կեղծումները, որ տեղի էին ունենում Վրաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ Զուգդիդիում, ինչն ի վերջո ոչ լեգիտիմ արդյունքներ տվեց»,-գրել է Սանդրա Ռուլոֆսը, ով հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ցուցակով անցել էր խորհրդարան։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, նաև գրել է, որ խորհրդարանական ընտրությունների օրերին ստեղծված «անհանդուրժելի ընտրական միջավայրի» մասին մինչ օրս գնահատական չի տրվել։
«անհանդուրժելի ընտրական միջավայրում էր ընթանում նախընտրական քարոզաշավը, բուն ընտրությունները։ Հենց այս ամենի շնորհիվ ձևավորվել է սխալ եւ անիրական խորհրդարանականը: Մենք միայն հիմա ենք գիտակցում, թե ինչպիսի բացասական հետևանքներ կարող են ունենալ ընտրողի կամքի աղավաղումը Վրաստանի սոցիալական, տնտեսական կամ աշխարհաքաղաքական իրավիճակի վրա»,-ասել է նախկին առաջին տիկինը՝ նշելով, որ շարունակում է դժվարագույն պահերին մնալ Վրաստանի քաղաքացիների կողքին։ Նա նաև ասել է, որ այժմ շարունակում է բարեգործական գործունեությունը երկրի առողջապահական ոլորտում եւ հույս ունի, որ այս կերպ կնպաստի Վրաստանի քաղաքացիների բարեկեցությանը։
«Աստված մեզ պահապան»,-այսպես է Սանդրա Ռուլոֆսը եզրափակել իր գրառումը։