Սահմանի երկայնքով. դեսպանի այցը Մառնեուլիի հայաբնակ գյուղեր բազմաթիվ խնդիրների ֆոնին դրական ակնկալիքների հույս է թողել (լուսանկարներ/տեսանյութ)

Անբարեկարգ ճանապարհներ, կիսավեր կրթօջախներ, լքված տներ․․․ խնդիրների մի ամբողջ բույլով սահմանամերձ Մառնեուլիում դիմավորեցին Վրաստանում Հայաստանի դեսպանին։

2017 թվականի հոկտեմբերից Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն առաջին համարձակն էր, ով այցելեց Քվեմո Քարթլիի հիմնականում ադրբեջանցիներով  բնակեցված Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղեր:

Շրջանն ունի 84 գյուղ, որից մոտ տասն է հայաբնակ․ որոշ գյուղերում էլ միասին են ապրում հայերն ու ադրբեջանցիները: Հավանաբար հենց այդ պատճառով էլ մայրաքաղաք Թբիլիսիում զարմանում են՝ իմանալով, որ Մառնեուլիում էլ է հայ ապրում:

Հունիսի 27-ին ՀՀ դեսպանի այցն սկսվեց հայաբնակ սահմանամերձ Աղքյորփի գյուղից: Գյուղում ապրում է մոտ 700 մարդ, սակայն դեսպանի հետ հանդիպման էին եկել ընդամենը 30-40-ը: Նշենք նաև, որ հանդիպման եկած Աղքյորփիի բնակիչները խնդիրների մասին խոսել կամ չեն սիրում կամ դրանք գյուղում չկան: Խոսվեց գյուղի անմխիթար ճանապարհների մասին, դեսպանն անձամբ տեսել էր և ինքն ասաց այդ մասին:2

Ռուբեն Սադոյանը Հայաստանում բնակվող ծնունդով աղքյորփեցիներին հորդորել է օգտակար լինել հայրենի գյուղին՝ ներդրումներ անելով: Դեսպանի կարծիքով դա կլինի հայապահպանության լավագույն օրինակը: 

Հանդիպմանը ներկա էր նաև Մառնեուլիի շրջկենտրոնի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զաուր Տաբատաձեն և Մառնեուլիի շրջանի Սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նախագահ Ամիրան Գիորգաձեն, որն էլ ուղեկցում էր դեսպանին։

4

Այնուհետև դեսպանն այցելեց Չանախչի, որի բնակչությունը թեև Աղքյորփիից սակավ է, բայց հանդիպման եկածներն ավելի շատ էին, քան Աղքյորփիում: Չանախչիում, փաստորեն, շատ էին նաև խնդիրները կամ պարզապես նշվեցին գրեթե բոլոր խնդիրները՝ համացանցի, բնական գազի բացակայությունը, սահմանը, ՀՀ քաղաքացիների մոտ փաստաթղթերի հետ ծագած խնդիրները, բուժկետի բացակայությունը և դպրոցը (այստեղ դպրոցի շենքը փոքրիկ տնակներն են, որոնք տեղադրվել էին ժամանակավոր, բայց արդեն երկար տարիներ ի վեր այդ ժամանակը չի սպառվում, իսկ տնակները փլուզման եզրին են): Դպրոցի շենքի բացակայության պատճառով դեսպանն առաջարկեց, որ աշակերտները սովորեն հարևան Աղքյորփիի դպրոցում: Այս տեսակետը Չանախչիի բնակիչները չեն կիսում: Կրթօջախը գործում է, կայացած է, խնդիրը միայն շենքի բացակայությունն է, իսկ դպրոցի չլինելը, ըստ գյուղացիների, գյուղը կդատարկվի ամբողջապես:

6

Դեսպանի հաջորդ կանգառը Խոխմելն էր: Այստեղ կրթօջախի խնդիրը դրա բացակայությունն է. գյուղը չունի դպրոց, քանի որ բնակչության թիվը շատ քիչ է՝ 50-60 մարդ: Գյուղում խնդիրներն անհամար են. գյուղի համար ակումբի շինարարություն էին սկսել, սակայն այդպես էլ ավարտին չի հասցվել: Գյուղի բնակիչները պահանջում էին գոնե դա ավարտել, բնական գազից, ճանապարհներից ու համացանցից խոսելն էլ ավելորդ են համարում՝ անհույս է:

8Խոխմելին հետևեց Ծոփ գյուղը, որը, հիմնականում բնակեցված է ադրբեջանցիներով։ Այստեղ հայերն ազատ խոսում են ադրբեջաներեն, իսկ ադրբեջանցիները՝ հայերեն: Ապրում են համերաշխ: Խնդիրներից հիմնականը դպրոցն է՝ վթարային վիճակում է: Ինչին ի պատասխան՝ շրջկենտրոնի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ եթե 2020 թվականին ֆինանսապես չհասցրեցին, ապա 2021 թվականին Ծոփի դպրոցը, անպայման, կնորոգեն:

Ճանապարհը շարունակվեց դեպի Գյուլիբաղ գյուղ, ինչպես և բոլոր գյուղերում, այստեղ էլ բնակիչները, սակայն ևս քիչ թվով, հավաքվել էին դպրոցի հարակից տարածքում: Ուրախ էին հյուրընկալության համար, սակայն խնդիրներից խոսելն անխուսափելի էր: Հերթական անմխիթար վիճակում գտնվող դպրոցն էլ այստեղ էր. զարմանալ կարելի էր, թե ինչպես են նման պայմաններում աշակերտները սովորում: Ճանապարհից ևս բողոքներ եղան, թեպետ դրա մասին խոսելն ավելորդ էր՝ Աղքյորփիից սկսված բոլոր գյուղերում կա այդ խնդիրը: Վրացական իշխանությունները, ի պատասխան ճանապարհների խնդրի, ասացին, որ արդեն հայտարարված է մրցույթ և շուտով այդ հարցն էլ կլուծվի:

9 10

Գյուլիբաղին հաջորդեց Խոժոռնին՝ հայ-վրացական սահմանի վրա հայերով ու ադրբեջանցիներով բնակեցված գյուղը: Այստեղ ևս մարդիկ համերաշխ են ապրում, հաճախում նույն դպրոցը, հավաքվում միասին: Խոժոռնիում, կարծես թե խնդիրներն ավելի քիչ են՝ ճանապարհն է հիմնականը և բնական գազը:

11 12

Ճանապարհը շարունակվում է դեպի Դամիա գյուղ. հայկական սահմանից հեռանում ենք, սկսվում է միջպետական, ասֆալտապատ ճանապարհը, սակայն, գլխավոր ճանապարհից Դամիա գյուղ տանող 3 կիլոմետրանոց ճանապարհը ևս անմխիթար վիճակում է, փոխարենը՝ կա բնական գազ, դպրոցը վերանորոգված է, ինչով էլ հպարտանում են դպրոցի մոտ հավաքված ուսուցիչները: Դամիայում խնդիր է խմելու ջուրը. չեն բողոքում, սարքել են, սակայն ոչ լիարժեք, խնդիրը շարունակվում է առկա լինել:

13 14

Հաջորդը հայաբնակ Շահումյան ավանն է: Հայերով բնակեցված ամենամեծ համայնքը՝ մոտ 3500 բնակիչ: Շահումյանում դեսպանն այցելեց գործող հայ-առաքելական եկեղեցի, զրուցեց եկեղեցում հավաքվածների հետ, ապա առաջացավ հանդիպելու թիվ 1 դպրոցի մոտ հավաքվածներին: 

15 16

Շահումյանում շրջկենտրոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը հպարտությամբ նշեց ճանապարհների ասֆալտապատման փաստը, ինչից գոհ էին նաև բնակիչները: Թբիլիսիում սովորող ուսանողներին ավտոբուս է պետք, որպեսզի առանց խնդրի կարողանան հասնել դասի. սա էր հնչված պահանջներից մեկը: Նաև ցանկանում են շատ շփվել Հայաստանի, հայ գրողների ու հայկական մշակույթի հետ, որպեսզի երեխաները պարտավորված զգան սովորել հայերենը:

Գլխավոր ճանապարհի մի կողմում Շահումյանն է, իսկ մյուսում Կարմիր գյուղը, որտեղ էլ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ տեղադրված խաչքարին դեսպանը, շրջկենտրոնի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը և այլ պաշտոնյաներ ծաղիկներ խոնարհեցին: Կարմիր գյուղում ևս դպրոցի տարածքում դիմավորեցին ՀՀ դեսպանին: Խնդիրները քիչ են այստեղ, գրեթե չկան: Ինչպես նկատեց դեսպանը՝ մարդկանց դեմքին էլ ժպիտ կա:

17 18

Մառնեուլի շրջանի հայաբնակ գյուղերից իններորդը Միրզոևկան էր, որտեղ ապրում են և՛ հայեր, և՛ վրացիներ և՛ ադրբեջանցիներ: Ապրում են համերաշխ, ինչի առիթով էլ Զաուր Տաբատաձեն ասում է, թե «թող բոլորը տեսնեն, թե ինչպես կարելի է համերաշխ ապրել և հաստատ այլևս պատերազմ չի լինի»:

Միրզոևկայի դպրոցում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Ապրելով վրաց ժողովրդի հետ սերտ հարևանությամբ, լավ են տիրապետում նաև լեզվին: Փաստաթղթերի և քաղաքացիության հետ կապված խնդիրների հարցով դեսպանին՝ հայերենով, իսկ շրջկենտրոնի նախագահին էլ վրացերենով դիմեց ՀՀ քաղաքացիություն ունեցող կինը: Միրզոևկացիները դեսպանին խնդրեցին հաճախ այցելել:

19 20

Գյուղերի բնակիչներից մի քանիսը «Ալիք մեդիայի» հետ զրույցում հույս հայտնեցին, որ դեսպանի այցը միանգամյա չի լինի և մայրաքաղաքի պաշտոնյաներին ավելի հաճախակի կհանդիպեն ու մի օր կտեսնեն իրենց խնդիրների լուծումները։

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն էլ խոսեց իր տպավորությունների մասին՝ շեշտելով, որ առաջին, բայց ոչ վերջին այցելությունն է:

Տեսանյութ՝ 

Թողնել պատասխան