Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար պայքարել: Վրաստանի երրորդ նախագահը Ուկրաինայի քաղաքացիությունը ստացել է 2015-ին և այդ երկրում ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղվում: Սահակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում է գրել այս մասին՝ մեկնաբանելով ուկրաինական «Էկոնոմիստ» պարբերականի հոդվածը: Հոդվածում ընթերցողների ինտերակտիվ հարցման արդյունքներն են ներկայացված, նրանք պատասխանել են «Կտայի՞ք ձեր ձայնը Սահակաշվիլիին՝ Ուկրաինայի նախագահի ընտրություններին» հարցին: Հարցմանը մասնակցել է ավելի քան երեք հազար ընթերցող, նրանց կեսից ավելին դրական պատասխան է տվել: Թերթի խմբագրությունը մեկնաբանել է, որ նման արդյունքները իրենց համար անակնալ են և քննարկվում է «Սահակաշվիլիի ֆենոմենը»:
Հիշեցնենք՝ Սահակաշվիլին նախագահության երկրորդ ժամկետը լրանալուց հետո մեկնեց Ուկրաինա, ստացավ քաղաքացիություն, 2015-ին զբաղեցրեց Օդեսայի նահանգապետի աթոռը: 2016-ի նոյեմբերի 7-ին Սահակաշվիլին հրաժարական տվեց՝ Ուկրաինայի ղեկավարությանը մեղադրելով կոռուպցիայի հովանավորչության և բարեփոխումներից հրաժարվելու մեջ: Լքելով պաշտոնը՝ Սահակաշվիլին հայտնեց, որ պատրաստվում է փոխել երկրի քաղաքական համակարգը: Այդ նպատակով էլ նա ստեղծեց «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը: Այս տարվա մարտին կուսակցությունը պաշտոնապես գրանցվել է և ծրագրում է 2019-ին մասնակցել Ռադայի ընտրություններին: