Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, «Ռադիկալ» կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն մտահոգված է, որ Մալթայում անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին Միխեիլ Սահակաշվիլին մասնակում է որպես Վրաստանի պատվիրակ:
«ԵԺԿ գագաթնաժողովում Սահակաշվիլին գրանցված է որպես Վրաստանի պատվիրակ: Ինչ ստախոս է: Վրաստանցիներից նապաստակի պես փախչում է, որ սպանությունների ու կոռուպցիայի համար բանտ չնետեն, իսկ ուկրաինացիներին պատմում է Ուկրաինայի հանդեպ իր սիրո մասին»,-հայտարարել է Լյաշկոն:
Վերջինիս խոսքով, Սահակաշվիլիի համար Ուկրաինան միայն տարածք է, որտեղ նա թաքնվում է Վրաստանի արդարադատությունից:
Ի դեպ, Սահակաշվիլին ելույթ ունենալով ԵԺԿ-ի գագաթնաժողովում, մասնավորապես ասել է. «Այսօր պատիվ ունեմ ներկայացնելու Վրաստանը, խոսելու Վրաստանի մասին»:
Հիշեցնենք՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մի քանի տարի առաջ զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից և այսօր ներգրավված է ուկրաինական քաղաքական գործընթացներում։