Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի լսումներին քննարկվել և աջակցության է արժանացել Վրաստանի և Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի միջև վարկային պայմանագիրը, որը վերաբերում է Սադախլո-Բագրատաշեն նոր կամրջի կառուցմանը: Վրաստանի ֆինանսների նախարարությունից տեղեկացրել են, որ նշված հարցը քննարկմանը ներկայացրել է Վրաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Գիորգի Կակաուրիձեն: Նախարարության տեղեկատվությամբ` ծրագրի իրագործման նպատակով, Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկը Վրաստանին կտրամադրի 6 միլիոն եվրոի արտոնյալ վարկ: Այս գումարով Վրաստանի և Հայաստանի պետական սահմանին` Սադախլո-Բագրատաշեն անցակետում կամուրջ կկառուցվի: Ծրագիրը կիրականացնի Վրաստանի տարածաշրջանային և ենթակառուցվածքների նախարարությունը: