«Միացյալ ազգային շարժման» անդամ Նիկա Մելիան հրավիրած ասուլիսում ներկայացրել է կուսակցության նոր նախաձեռնությունը:
Նրա խոսքով, Վրաստանի խոշոր քաղաքներում առաջիկայում խմբեր կկազմավորվեն, որոնք ակտիվ շփումներ կունենան բնակչության հետ՝ հաշվարկներ ներկայացնելով նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր-նախագահ Բիձինա Իվանիշվիլիի իշխանություններից վնաս կրած քաղաքացիների մասին:
Խմբերը կուսումնասիրեն կոնկրետ դեպքեր, որոնք հաշվի կառնվեն, երբ իշխանության կգա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։ Այդ ժամանակ ձևավորվելու է 2,5 մլրդ լարի բյուջեով հիմնադրամ, որտեղից էլ փոխհատուցում են ստանալու վնաս կրած քաղաքացիները: Ընդդիմադիր ուժը արդեն հատուկ վկայագրեր է պատրաստում, որոնք հանձնվելու են հիշյալ քաղաքացիներին: Վկայագրերը ստորագրելու է անձամբ նախկին նախագահ, կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին։ Տեղեկացնում է imedinews-ը։