
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պատրաստվում է վերադառնալ Ուկրաինա: Այս մասին Սահակաշվիլին հայտարարել է «24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Վերադառնալու եմ Ուկրաինա: Պատրաստվում եմ Ուկրաինայի սահմանը հատել եվրոպական երկրներից մեկի կողմից: Մշտական բնակության վայր այլ տեղ չունեմ: Ընկերներիս մեծ մասը և կուսակցությունը, որը ղեկավարում եմ, Ուկրաինայում է: Օգոստոսի 16-ին կհայտարարեմ վերադառնալու կոնկրետ օրվա մասին»,- ասել է Սահակաշվիլին:
Նա նաև հայտարարել է, որ «պատասխանատվություն է վերցրել պաշտպանել ուկրաինացիների իրավունքները»:
«Պորոշենկոն և օլիգարխները չեն ցանկանում դա, սակայն ես չեմ վախենում: Հիմա շատ հարցազրույցներ եմ տալիս եվրոպական լրատվամիջոցներին, պատմում եմ նրանց Ուկրաինայում առկա իրավիճակի մասին: Նաև շփումներ ունեմ եվրոպական մի շարք քաղաքական գործիչների հետ և կոչ եմ անում նրանց՝ աջակցել ուկրաինացի ժողովրդին»,- հավելել է Սահակաշվիլին: