Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում ընտրությունների հետ կապված նոր գրառում է արել․ «Վիճաբանությունները ընտրություններից հետո բնական երևույթ են, սակայն մեզանից յուրաքանչյուրի պարտքն է, որ դրանք չվերածվի փոխադարձ մեղադրանքների, ինչին այդքան տենչում է Իվանիշվիլին: Կարծում եմ՝ հիմա մեզանից յուրքանչյուրը պետք է կառավարի իր զգացմունքները և առողջ դատի՝ որտեղ ենք գտնվում եւ ինչպես պիտի գործենք այսուհետ»:
Նախկին նախագահը նշել է, որ իր գլախավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը պետք է հետևություններ անի ու հանգիստ պայմաններում քննարկի թույլ տված սխալները․«Մենք պետք է վերլուծենք տեղի ունեցածը, պարզենք, թե ինչպես ժողովրդի ընդամենը 25 տոկոսի աջակցությունը վայելող Իվանիշվիլին (խմբ․-իշխող Վրացական երազանքի հիմնադիր) կարողացավ խորհրդարանական մեծամասնություն կազմել։ Մենք՝ ի տարբերություն 2003թ․-ի, ընտրակեղծիքների չնչին մասը միայն կարողացանք ներկայացնել»։
Սահակաշվիլին նշել է, որ բազմաթիվ հարցեր են առաջ եկել, որոնց քննարկումը օրհասական է․«Մտածենք, թե ինչպես անել, որ Վրաստանում ազատ մամուլը չվերացվի, քաղաքական ճնշումները բնական երևույթ չդառնան, ռուս օլիգարխի (նկատի ունի Բիձինա Իվանիշվիլիին) կողմից իրականացվող բռնությունները ավարտ ունենան: Հիմա մեզանից յուրաքանչյուրը երկրի փրկությունը պետք է կարևորի։ Դա լավագույնս գիտակցում է «Միացյալ ազգային շարժում»-ը»։
Վրաստանի նախկին նախագահը իր կողմնակիցներին հորդորել է չնահանջել․ «գլխավոր պայքարը դեռ առջևում է և որքան ճիշտ գործենք, այնքան շուտ վերջնական հաղթանակը կտոնենք»։