Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ այս անգամ հարցաքննության կներկայանա Ուկրաինայի անվտանգության ծառայություն։
«Ես հարցաքննության կներկայանամ»,-լրագրողի հարցին ի պատասխան ասել է Սաակաշվիլին։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սաակաշվիլին հարցաքննության է հրավիրվել դեկտեմբերի 22-ին։
Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Պավլե Բոգոմոզովը, սակայն, հայտարարել է, որ Սաակաշվիլին անվտանգության ծառայությունից դեռևս հրավեր չի ստացել։
Հիշեցնենք՝ Սաակաշվիլին նախօրեին թեև դատախազություն էր այցելել, սակայն հարցաքննության չէր ներկայացել։ Ուկրաինայի դատախազությունը հայտարարել էր, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին երկրորդ անգամ հարցաքննության կկանչվի։