Կիևի Պեչերսկի դատարանը չի բավարարել Ուկրաինայի դատախազության պահանջը՝ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանք։ Սահակաշվիլին ազատ է արձակվել դատարանի դահլիճից:
Մի քանի ժամ տևած դատական նիստին ներկա է եղել Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, ինչպես նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, իսկ Սաակաշվիլին չի գտնվել ամբաստանյալների համար նախատեսված ճաղավանդակում։
Ուկրաինայում ընդդիմադիր դիրքերից հանդես եկեղ Սաակաշվիլիին առաջին անգամ Կիևի իր բնակարանի մոտ ձերբակալել են դեկտեմբերի 5-ին, սակայն բակում հավաքված աջակիցներին հաջողվել է Սահակաշվիլիին դուրս հանել իրավապահների ավտոմեքենայից։
Սաակաշվիլին դուրս գալով դատարանի դահլիճից, բազմամարդ բողոքի երթ է անցկացրել Կիևի կենտրոնական փողոցներում՝ աջակիցներին հավաստիացնելով, որ պայքարը շարունակվելու է։