Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Ֆեյսբուքի իր էջում տարածած տեսահաղորդագրության միջոցով անդրադարձել է «Ռուսթավի 2»-ի շուրջ ծավալված իրադարձություններին։
Նախարարը հայտարարել է, որ հեռուստաալիքն աշխատանքային իր գործունեության ողջ ընթացքում երբևէ արգելքների չի հանդիպել․
«Այո, «Ռուսթավի 2»-ը կուսակցական հեռուստաալիք է, ինչը խոստովանում է նաև նրա ղեկավարությունը։ Ես ուզում եմ ընդգծել, որ դա շատ կարևոր է խոսքի ազատության տեսանկյունից: 5 տարի շարունակ «Ռուսթավի 2»-ը կոնկրետ մեկ կուսակցության քարոզչությունն էր իրականցնում, թող պատասխանեն՝ արդյոք որևէ անգամ նրանց խոսքի ազատությանը վտանգ սպառնացել է: Բոլորը քաջ գիտակցում են, որ «Ռուսթավի 2»-ի խոսքի ազատությունը իշխանության կողմից երբևէ չի սահմանափակվել և չի սահմանափակվի:
Կալաձեն խոսել է նաև հեռուստաընկերւթյան գործով, մասնավորապես գերագույն դատարանի վճռից հետո բարձրացած աղմուկի վերաբերյալ.
«Արդյոք հավատում եք «Միացյալ ազգային շարժման» քարոզչությանն ու հիպնոզին, թե խոսքի ազատությանը վտանգ է սպառնում: Ինչ վտանգի մասին է խոսքը, և ով է սպառնում: Այն, որ «ՄԱՇ»-ի օրոք հեռուստաընկերությունը ղեկավարող մի տնօրենը դատարանի օգնությամբ մեկ այլ տնօրենից հեռուստաընկերությունը իրեն է վերադարձրել, դա խոսքի ազատության սահմանափակում չի ենթադրում: Ամոթ է, երբ ազատության պայմաններում գոռում են, թե սահմանափակվում է ազատությունը»,- հայտարարել է փոխվարչապետը: