Մայիսի 15-ին Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, վնասելով մեկ միավոր ռազմական պաշտպանական տեխնիկա: Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ադրբեջանական զինուժը ոչնչացրել է հայկական կողմի «Օսա» տիպի զենիթահռթիռային համակարգ, տրանսպորտային-լիցքավորող մեքենան և դրանք սպասարկող անձնակազմը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը իր հերթին հայտարարել է, որ բանակը մարդկային կորուստ չի ունեցել:
Թեման ակտիվորեն քննարկվեց վրացալեզու մամուլում, հատկապես ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման»-ը աջակցող լրատվամիջոցներում, որոնց ղեկավարները հաճախ աչքի են ընկնում ադրբեջանամետ հայտարարություններով:
Ուշագրավ է, որ «Միացյալ ազգային շարժման»-ը սատարող «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը անդրադառնալով թեմային Լեռնային Ղարաբաղի փոխարեն օգտագործում է Արցախ տեղանունը. «Արցախի մոտակայքում Ադրբեջանի բանակը կրակ է բացել»,- հղվելով հայկական լրատվամիջոցներին, «Ռուսթավի 2»-ը հաղորդում է, թե ադրբեջանական հրթիռները ոչնչացրել են ռազմական տեխնիկա:
Ընդդիմադիրներին սատարող մեկ այլ` Грузия Онлайн «Apsny.ge»-ն, անդրադառնալով թեմային վրաց ընթերցողին է ծանոթացրել կողմերի պաշտոնական հայտարարություններին` հաղորդման մեջ պահպանելով հավասարակշռությունը: Հարկ է նշել, որ վերոնշյալ պարբերականը 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին աչքի էր ընկել ադրբեջանամետ հոդվածներով: