Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը Ռուսաթավիում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ակտիվիստի վրա հարձակման փաստի առիթով քրեական գործ է հարուցել` Վրաստանի քրեական օրենսգրքի 125 հոդվածի (ծեծ) հատկանիշներով: Այս մասին հաղորդում է «newsgeorgia» լրատվականը` հղում անելով ՆԳՆ-ի մամուլի ծառայությանը:
Հարձակման ենթարկված Արսեն Կասաշվիլիին բժշկական օգնություն է ցուցաբերվել, ինչից հետո վերջինս ցուցմունք է տվել ոստիկանությանը: Կասաշվիլին լրագրողներին ասել է, որ անցած երեկո ժամը 23:00-ի սահմաններում տուն վերադառնալիս իր վրա են հարձակվել և ծեծի ենթարկել իշխող «Վրացական երազանք» կուսակցության երկու կողմնակիցներ: Կասաշվիլին հայտարարում է, որ ճանաչել է հարձակվողներից մեկին, նա «Վրացական երազանքը» ներկայացնող մեծամասնական պատգամավոր Գիորգի Բեգաձեի մոտ ազգականն է:
«Ասացին, որ թողնեմ «Ազգային շարժումը»` սպառնալով, որ հակառակ դեպքում ավելի վատ կլինի», – ասել է Կասաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ զրույցում:
Ինքը` Բեգաձեն հերքում է միջադեպին իր մասնակցությունը: «Այդ ամենը զրպարտություն է: Շատ վատ է, որ ընդդիմախոսներս փորձում են վարկաբեկել ինձ նման մեթոդներով: Բոլորը գիտեն, որ ես դեմ եմ բռնությանը», – այսպես է իրավիճակը մեկնաբանել Բեգաձեն` Իմեդի հեռուստաընկերության հետ զրույցում: