ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված պատժամիջոցների օրինագծում Վրաստանը բազմիցս հիշատակված է:
«2014 թվականին Ռուսաստանն անօրինական կերպով բռնակցել է Ղրիմը, իսկ 2008-ից բռնագրավել է Հարավային Օսիան և Աբխազիան: Նաև շարունակում է ապակայունացնող գործողություններ իրականացնել Ուկրաինայի արևելքում»,- ասվում է փաստաթղթում:
Օրինագծի կետերից մեկն ամբողջովին վերաբերում է Վրաստանին:
«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է անտեսել 2008 թվականին ստորագրած հրադադարի համաձայնագիրը, որը ենթադրում է Վրաստանից ռուսական զորքի դուրս բերում, մարդասիրական խմբերի անխափան աշխատանք Հարավային Օսիայում և Աբխազիայում ու Եվրոպայի դիտորդական առաքելության կողմից հակամարտության գոտում իրավիճակի մշտադիտարկում»:
Փաստաթղթում նաև նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Վրաստանի և Ուկրաինայի հանդեպ օգտագործել և օգտագործում է, ինչպես ավանդական ռազմական ուժ, այնպես էլ հետախուզական գործողություններ և քարոզչություն: