Վրաստանի Մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ վրացական կինոարխիվի մի մասը շուտով կհասնի Վրաստան: Արխիվի երկրորդ մասի տեղափոխման ժամկետները դեռ հստակեցված չեն: Նախարարության փոխանցմամբ, ամբողջ արխիվը Վրաստան տեղափոխելու համար 6 տարի կպահանջվի:
«Սա մեզ համար նմուշ է՝ հասկանալու, թե ինչպիսի ժառանգություն ունենք կինոմատոգրաֆիայի ոլորտում: Առաջին փուլի համար նախատեսված 4 ֆիլմերը հայրենիք կհասնեն նոյեմբերին: Դրանք վրացի կինոռեժիսորներ Միխեիլ Ճիաուրելիի, Նուցա Ղողոբերիձեի և Լեո Էսակիայի ֆիլմերն են»,-տեղեկացրել է Մշակույթի նախարարության կինոմատոգրաֆիայի բաժնի ղեկավար Նանա Դոլիձեն:
Նա նաև շեշտել է. «սա պատմական իրադարձություն է: Կարծում եմ՝ սա արժեքավոր և կարևոր մի հարց է, որը մեկ դարվա ընթացքում հնարավոր է մեկ անգամ լինի: Եթե չլիներ պետական մարմինների կամքը, ապա որևէ մասնավոր անձի նախաձեռնությամբ անհնար կլիներ նման ծրագիր իրականացնել»:
Ռուսաստանից վրացական ֆիլմերի արխիվը տեղափոխելու գործընթացի վերաբերյալ հայտնի է դարձել Վրաստանի վարչապետի ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի արտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումից հետո: