Մոսկվան սկսել է լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել հարավային ռազմական շրջաններում, Վրաստանի սահմանի մոտ։ Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 10 հազար ռուս զինվորական և ավելի քան 2 հազար միավոր տեխնիկա։ Այս մասին տեղեկացնում է Rustavi2.ge-ն։
Զորավարժությունները ղեկավարում է 2008 թվականին Վրաստանի տարածք ներխուժած 58-րդ զորամիավորման հրամանատար Անատոլի Խրուլովը, ով այժմ Աբխազիայի գլխավոր շտաբի պետն է։
Ռազմական փորձագետը, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, արբանյակային քարտեզից ցույց է տվել, թե բռնազավթված տարածքներում որտեղ է դասավորված ռուսական սպառազինությունը։
Նրա խոսքով, Ցխինվալիում, Ջավայում և Ախալգորիում Ռուսաստանը ավելի շատ ռազմական տեխնիկա ունի, քան կենդանի ուժ։
Թբիլիսիում փորձագետները նշում են, որ սա ուժի բացահայտ դրսևորում է։ Նրանք կարծում են, որ Վրաստանը և նրա գործընկերները Ժնևում խաղաղության մասին խոսելիս պետք է հաշվի առնեն նաև պատերազմի սպառնալիքը։
Լուսանկարը՝ pressa.ge