Ռուսաստանն ու Հարավային Օսիան փաստաթուղթ են ստորագրել, ըստ որի 2018 թ․-ից ռուսական նավթային ապրանքները Հարավային Օսիա կներկրվեն առանց մաքսազերծման։
Риа новости-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Կիրիլ Միլոդցովը և Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գենադի Կոկոևը:
«Համաձայնագիրը ենթադրում է, որ 2018 թ․-ից ռուսական նավթային ապրանքների ներմուծումը Հարավային Օսիա կիրականացվի առանց որևէ մաքսատուրքի վճարման»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի իշխանություններն ու Ռուսաստանի կառավարությունը 2012թ․ առևտրային համաձայնագիր են ստորագրել: Փաստաթղթի համաձայն՝ համաձայնագրում տեղ գտած ապրանքները արտահանվում և ներկրվում են առանց մաքսային վճարումների: Այդ ապրանքների թվում է նաև բենզինն ու դիզվառելիքը:
Լուսանկարը՝ Netgazeti.ge