«Լատվիան աջակցում է Եվրամիության ընդլայնմանն ու ԵՄ-ին Վրաստանի անդամակցությանը»,-այս մասին նշել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչսը: Փոխանցում է «interpressnews.ge»-ն:
«Մեր դիրքորոշումը շատ պարզ է։ Մենք աջակցում ենք Եվրամիության ընդլայնմանը: Աջակցում ենք բոլոր այն թեկնածու երկրներին, որոնք ԵՄ-ին անդամակցելու մեծ ցանկություն ունեն։ Որևէ մի երկիր, այդ թվում նաև Ռուսաստանը, չի կարող խոչընդոտել ինտեգրման գործընթացին: Սակայն, Վրաստանը դեռ բարեփոխումների երկար ճանապարհ ունի անցնելու, օրակարգում են խորը և կառուցվածքային մի շարք փոփոխություններ», -ասել է Լատվիայի արտգործնախարարը:
Անդրադառնալով ԵՄ-ի հետ կննքված Ասոցացման և ազատ առևտրի մասին համաձայնագրին, Ռինկևիչը ասել է, որ Վրաստանը առավելագույնս փորձում է օգտվել դրանից․ «Ես հատկապես ուրախ եմ, որ մուտքի արտոնագրի ազատականացման որոշումն ընդունվեց հենց Ռիգայում»:
Խոսելով Վրաստանի լիիրավ անդամակցության մասին, Լատվիայի արտգործնախարարը կոնկրետ ժամկետներ չի նշել, ասելով․ «Ռազմավարությունը պետք է լինի այն, որ հասնեք մի մակարդակի, որ ոչ մի պետություն իր աշխարհաքաղաքական նպատակներից ելնելով չկարողանա մերժել ձեզ: Խորհուրդ եմ տալիս հետևել Եվրամիության խորհուրդներին ու օգտվել նրա առաջարկած օգնությունից»,- ասել է Էդգար Ռինկևիչը: