Վրաստանյան «Ռեզոնանսին» գրում է. «Ռուսթավի 2»-ի համար պայքարը որոշիչ փուլ է մտել. Վրաստանի գերագույն դատարանը հեռուստաընկերության դատական գործով նիստ է նշանակել մարտի 2-ին: Գործը քննվում է առանց կողմերի ներկայության, չի բացառվում, որ որոշումը կհրապարակվի հենց նույն օրը: Կողմերը սպասում են իրենց հաղթանակին, բայց մինչ այդ, որոշ դատավորների ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի:
«Մենք կարող ենք միայն մեր բողոքն արտահայտել, բայց հարցը մենք չենք որոշում: Գործի քննարկումներն առանց կողմերի ներկայության շատ կասկածելի և վատ փաստ է»,-ասել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան:
Հիշեցնենք ՝ Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչը նշանակում է, որ հիմա հեռուստաընկերության 100% սեփականատեր է համարվում Կիբար Խալվաշին (60% Կիբար Խալվաշին, 40%՝ իր ղեկավարած ընկերությունը): Նա այժմ սպասում է Գերագույն դատարանի որոշմանը: Հաղթանակի դեպքում ընկերության կառավարումն ամբողջովին անցնում է իրեն:
Գործը քննելու համար դատարանն ըստ օրենքի 6 ամիս ժամանակ ուներ, որը սպառվել է հունվարի 25-ին: Ըստ էության՝ գործի քննությունը սկսվել էր նոյեմբերի 21-ին, ավելի ուշ հայտնի դարձավ, որ գործի բարդությունից ելնելով՝ հեռուստաընկերության ճակատագիրը կորոշվի ոչ թե 3, այլ 9 դատավորների կողմից:
Հիշեցնենք, որ Նիկա Գվարամիան հրապարակավ հայտարարել էր նաև երկու դատավորների վրա ճնշումներ գործադրելու մասին, այս փաստով նա Գլխավոր դատախազություն է դիմել: Հայտարարվել էր, որ դատավորների վրա ճնշում է գործադրել «Միացյալ ազգային շարժման» անդամ Դավիթ Սակվարելիձեն: Վերջինս հերքում է իր դեմ մեղադրանքները, իսկ հեռուստաընկերության ներսում այն կարծիքին են,որ դատավորներին ճնշել են իշխանությունները, մասնավորապես ազգային անվտանգության ծառայությունը ՝ գրում է թերթը: