Հունվարի 19-ին վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Ջրօրհնեքի արարողությունը: Եկեղեցական այս տոնը խորհրդանշում է Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի Մկրտությունը: Թբիլիսիի առաջնորդանիստ Սամեբա (Սուրբ Երրորդություն) տաճարում տեղի ունեցավ նաև համայն վրաց պատրիարք-կաթողիկոս Իլիա 2-րդի կողմից իրականացվող թվով 47-րդ համընդհանուր մկրտությունը:
Օրվա խորհրդի և օրհնված ջրի հատկությունների մասին պատմեց Իոանե վարդապետը.
«Բոլոր քրիստոնյա ազգերին շնորհավորում եմ Ջրորհնեքի կաակցությամբ: Այս տոնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում: Ջրօրհնեքը 7 խորհուրդներից մեկն է համարվում: Րոպեներ անց կսկսվի Այազմի արարողակարգը, այսինքն համայն վրաց կաթողիկոսը կօրհնի ջուրը և մարդիկ հնարավորություն կունենան սուրբ ջուրը տուն տանել»:
Հոգևորականի խոսքերով օրհնված ջուրը ձեռք է բերում բուժիչ հատկություններ ևս:
Հավատացյալները պահում են այն տանը և հիվանդությունների կամ նեղության պահին խմում այն: Օրվա կապակցությամբ իրենց շնորհավորանքներն էին հայտնում ջրօրհնեքի մասնակիցները.
«Ջրօրհնեքի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորին: Թող չնվազի Աստծո օրհնությունը: Առողջ և երջանիկ անցնի 2017 թվականը»:
«Տոնի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորին: Թող բազմանա մեր ազգը: Միայն երջանիկ և բարի օրեր եմ մաղթում՝ ինչպես վրաց ազգին, այնպես էլ քրիստոնյա մեր բոլոր եղբայրներին»:
Ջրօրհնեքի արարողության մասնակիցների մեջ կային նաև արտերկրից ժամանած վրացիներ, ովքեր խոստովանեցին, որ հատուկ այս օրվա համար են ժամանել Վրաստան:
«Համայն Վրաստանին շնորհավորում եմ ջրօրհնեքի կապակցությամբ: Շնորհավորում եմ նաև արտերկրում՝ հատկապես Ամերիկայում բնակվող մեր գաղթականներին: Բոլորիդ շատ եմ սիրում և ցանկանում եմ ամենալավն ու բարին»:
Վրաց կաթողիկոս-պատրիարքը մի քանի տարի առաջ էր հայտարարել ընտանիքում երրորդ և հետագա երեխաներին մկրտելու պատրաստակամության մասին։ 2008 թվականից նրա կողմից անցկացվող համընդհանուր մկրտությունը միտված է Վրաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը: