Ավարտվեց ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի պաշտոնական այցը Վրաստան:
Պետքարտուղարին ճանապարհեցին Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն, փոխարտգործնախարար Դավիթ Զալկանիանին եւ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Կելլին: Ջոն Քերրին Թբիլիսիից մեկնեց Կիեւ:
Հիշեցնենք, որ Քերրին Վրաստան է այցելել հուլիսի 6-ին, հանդիպումներ ունեցել ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Նա մասնակցել է նաև ԱՄՆ-Վրաստան ռազմավարական խարտիայի լիագումար նիստին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդես եկել համատեղ ասուլիսով:
«ԱՄՆ-ի պետքարտուղարի այցը Վրաստան ավարտվեց դրական շատ հստակ արդյունքներով»,— ամփոփելով այցը, ասել է Կվիրիկաշվիլին: Նրա խոսքով` Ջոն Քերրիի այցը հաստատում է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանին եւ կարեւոր է նրանով, որ այն տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովից առաջ: Դա իր հերթին, ըստ Կվիրիկաշվիլիի, նույնպես հաստատում է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացիայի նկրտումները: Վրաստանի վարչապետի պարզաբանմամբ` ստորագրված «Պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության մասին» հուշագիրը թույլ կտա էլ ավելի խորացնել երկկողմ համագործակցությունը` նախևառաջ ռազմական ոլորտում:
Կվիրիկաշվիլին նշել է, որ կրթության ոլորտի մասին համաձայնագիրն էլ նոր հնարավորություններ է ընձեռում վրաստանցի ուսանողներին: Այն կրկնապատկում է ԱՄՆ-ում վրաստանցի ուսանողների թվաքանակը. «Այցի ընթացքում անդրադարձ է եղել նաև ամերիկյան USAID-ի (ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալություն) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին: Դրանցից մեկն ուղղված է լինելու հատկապես Վրաստանի օկուպացված շրջանների հետ սահմանի վրա փոքր բիզնեսի զարգացմանը, որի արդյունքում կստեղծվի 2000 աշխատատեղ»- հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Լուսանկարները` վարչապետի ֆեյսբուքյան էջից