Ջերմ հանդիպում ունեցա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ․ Փաշինյան․ լուսանկարներ

Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հանդիպումից հետո ֆեյսբուքյան իր էջում վարչապետը կիսվելով հանդիպման տեսագրությունով, գրել է․

«Ջերմ հանդիպում ունեցա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»։

Փաշինյանը նախ շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի ազգային հավաքականի՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ և ֆրանսիական թիմին մաղթել հաջողություններ:

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Հանձնառու ենք այն ամենաբարձր մակարդակով կազմակերպելուն։ Շնորհակալ ենք Ֆրանսիային նախապատրաստական աշխատանքներում ցուցաբերվող աջակցության համար»,- ասել է ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ գագաթնաժողովի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու նաև տնտեսական բաղադրիչին. նախատեսվում է անցկացնել ֆրանկոֆոն երկրների գործարարների և գործատուների բիզնես ֆորում և այդ ֆորումի արդյունքում ստեղծել ֆրանկոֆոն երկրների գործարարների ցանց:

Վարչապետը հավելել է, որ Հայաստանում գործարարության համար ստեղծված են հավասար պայմաններ և համոզմունք հայտնել, որ նոր պայմաններում նոր խթան կստանան նաև հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները:

Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և կարևորել Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների խաղաղ, ժողովրդավարական ճանապարհով հանգուցալուծումը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ղարաբաղյան հակամարտությանը և կարևորել դրա կարգավորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում:

2667_b

2672_b

2669_b

2664_b

2660_b

Թողնել պատասխան