«Վրաստանում ռուսական փափուկ ուժի կիրառումը երբեք այսքան մեծ չի եղել»: Այս մասին Թբիլիսիում բացված միջազգային համաժողովում Վրաստանի ժողովրդավարության մակարդակի բարձրացման հարցի քննարկման ընթացքում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին:
Ուսուփաշվիլիի կարծիքով` Վրաստանում ռուսական քարոզչության և ռուսամետ քաղաքական ուժերի ակտիվացման ֆոնին, արևմտամետ ուժերը պետք է միավորվեն ընդհանուր հարցերի շուրջ, այլ ոչ թե հակադրվեն միմյանց. «Մենք խնդիրներ ունենք, որոնք կարող են նաև օգտագործվել Վրաստանի անկախությանը դեմ հանդես եկող ուժերի կողմից: Այդ պայմաններում արևմտամետ ուժերը վիճաբանում են, ժամանակ կորցնում: Արդյո՞ք նպատակահարմար չէր լինի ժամանակը ծախսել ժողովրդին բացատրելու, թե ինչո՞ւ է օրինակ ձգձգվում վիզայի ազատականացման գործընթացը և այլն…»:
Խորհրդարանի խոսնակի գնահատմամբ` վերոնշյալ հարցերը միջազգային կարևորություն ունեն. «Եթե ժողովուրդը տեղեկատվություն չունենա դրանց մասին, հակաարևմտյան տրամադրություններ կառաջանանան, ինչը վտանգավոր է բոլորի համար: Այդ պատճառով պետք է համախմբվենք ոչ միայն ընդհանուր վտանգի դեպքում, այլ նաև ընդհանուր հաջողության ձգտելիս»: Դավիթ Ուսուփաշվիլիի խոսքերն է մեջբերում «interpressnews»-ը: