Վրաստանում Թուրքիայի դեսպան Լեվենթ Գյումրուքչուն Թուրքիայում օրեր առաջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ հայտարարություն է արել: Նա հուլիսի 15-ի գիշերը տեղի ունեցածը որակել է որպես «արյունարբու» հեղաշրջման փորձ, որն, ըստ նրա ևս կազմակերպել է Ֆեթուլլահ Գյուլենի «ահաբեկչական կազմակերպության» հետ կապ ունեցող զինվորականների խումբը: Ըստ դեսպանի, դա Թուրքիայում ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման անհաջող փորձ էր:
«Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպությունը, որ պետական դավաճանություն արեց, սարսափելի գործակալական ցանց ունի ոչ միայն բանակում, այլեւ մի շարք պետական մարմիններում: Հուլիսի 21-ից մեր սահմանադրության համապատասխան, արտակարգ դրություն է սահմանված»,- տարածած հայտարարության մեջ նշել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Լեվենթ Գյումրուքչուն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զինված հեղաշրջման փորձում մեղադրում է ԱՄՆ- ում բնակվող իր հակառակորդ, քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Անձամբ Գյուլենը հերքում է նշված մեղադրանքը: