Թբիլիսիի Թանդոյանց խոնարհված եկեղեցու շուրջ վեճերը շարունակում են քննարկվել նաև վրացալեզու մամուլում: Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունները պատրիարքարանին են փոխանցել Աղմաշենեբելի պողոտայում գտնվող խոնարհված Թանդոյանց հայկական եկեղեցին եւ հարակից տարածքը: Ստորև ներկայացնում ենք եկեղեցու վերաբերյալ Netgazeti վրացալեզու պարբերականի ծավալուն հոդվածի հայերեն թարգմանությունը.
Հուշարձանի կարգավիճակ ունեցող հայկական եկեղեցին, որը պետությունը փոխանցել է վրաց ուղղափառ եկեղեցուն, Պատրիարքարանը պատրաստվում է հիմնանորոգման ենթարկել, ինչի արդյունքում կկորչի շինության առկա տեսքը:
Միայն հնագիտական աշխատանքների ավարտից հետո պարզ կդառնա` արդյո՞ք Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը հիմնանորոգման հնարավորություն կտա: Աշխատանքները տեղի են ունենում վրաց պատրիարքարանի ծրագրի համաձայն, որը ղեկավարում է հնագետ Մերաբ Ձնելաձեն:
Հարցին, թե ինչու՞ է Մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը «Թանդոյանց» եկեղեցում հնագիտական հետազոտության իրավունքը տվել Պատրիարքարանին, որպես շահագրգիռ կողմ, գործակալությունից պատասխանում են, որ այս տարածքը պատկանում է Պատրիարքարանին և նա դրա իրավունքն ունի: Գործակալությունից նշել են, որ գործընթացում են ներգրավված նաև հնագետներ:
Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության իրավաբանական ծառայության պետ Թեա Օնիանին բացառում է հետազոտության արդյունքները կեղծելու հնարավորությունը և պնդում է, որ հետազոտության փուլում նրանք պարբերաբար կվերահսկեն տարվող աշխատանքները:
Թբիլիսիի Աղմաշենեբելի 38 հասցեում գտնվող «Թանդոյանց» եկեղեցին այս պահին վնասված է` չունի տանիք, պատերը ենթակա են ամրացման: Եկեղեցու տարածքը փակ է, քանի որ հնագիտական աշխատանքներ են ընթանում:
«Նեթգազեթին» եկեղեցու տարածք է մուտք գործել հնագետ Մերաբ Ձնելաձեի հետ միասին, ով ասել է, որ հայտնաբերել են գերեզմանաքարեր, որոնցից երկուսի վրա վրացերեն արձանագրություններ են առկա, ինչպես նաև հայտնաբերվել է հին վրացական եկեղեցու հիմքեր, որը այստեղ է եղել մինչ Թնադոյանց եկեղեցու կառուցումը:
Ձնելաձեն ասում է, որ նշված վայրում վերջին վրացական եկեղեցին 1812-16 թվականներին կառուցել է հոգևորական Պետրե Իմնաձեն, որը հետագայում քանդել են հայ եկեղեցու ներկայացուցիչները և վրացական եկեղեցու հիմքի վրա կառուցել Թանդոյանց եկեղեցին:
Գործակալությունից ասում են, որ մարտի 30-ին հնագիտական աշխատանքները կավարտվեն: Պատրիարքարանը արդեն իսկ գործակալությանն է ներկայացրել եկեղեցու հիմնանորոգման ծրագրի էսքիզները, որի համաձայն, եկեղեցու տեսքը փոխվում է:
Թեա Օնիանիի կարծիքով, ներկայացված ծրագիրը գործակալությունում չի քննարկվել, քանի որ հնագիտական հետազոտության համաձայն չէ պատրաստված եղել և, ամենայն հավանականությամբ, ծրագիրը կփոխվի: Մերաբ Ձնելաձեն իր հերթին նշում է, որ հիմնանորոգման հետևանքով մշակութային այս ժառանգությունը պաշտպանված կլինի նրանով, որ առկա պատերը կպահպանվեն:
«Մնում է միայն մշակութային ժառանգության այն մասը, որը գոյություն ունի, սակայն կառուցվում է վրացական եկեղեցի»,-ասում է Ձնելաձեն:
Հայկական եկեղեցու արձագանքը
Թանդոյանց եկեղեցին պատրիարքարանին փոխանցելու և այնտեղ տեղի ունեցող աշխատանքներից բողոքում է հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը: Թեմը սպորտի և մշակույթի նախարարություն վարչական բողոք է ներկայացրել Մշակութային ժառանգության գործակալության դեմ, քանի որ գործակալությունը Թեմին հնագիտական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի տվել:
Թեմի իրավական հարցերով ծառայության ղեկավար Միխեիլ Ավագյանը «Նեթգազեթի»-ին ասել է, որ եկեղեցում ընթացող աշխատանքների նկատմամբ անվստահություն ունեն:
«Հնագիտական աշխատանքներով փաստերը կեղծվում են և մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունենում»,- ասում է Ավագյանը:
Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը բողոք է ներկայացրել նաև Թբիլիսիի քաղաքային դատարան` Հանրային ռեեստրի դեմ: Թեմը գտնում է, որ Հանրային ռեեստրը «Թանդոյանց» եկեղեցին պատրիարքարանին է փոխանցել, առանց հաշվի առնելու եկեղեցու ծագումնաբանությունը: Գործի վերաբերյալ առանձին դատական նիստը տեղի կունենա մարտի 13-ին:
Թեմի նկատառումները վերաբերում են նաև Գույքի ազգային գործակալությանը: Գործակալության դեմ բողոք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարություն: Որպեսզի եկեղեցին սեփականաշնորհելու ճանապարհը Պատրիարքարանի համար բաց լիներ, գործակալությունը իր հաշվեկշռի վրա գտնվող սեփականության իրավունքը սառեցրել է: Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի դիրքորոշումը նույնն է` Գույքի գործակալությունը եկեղեցու պատմական սեփականատիրոջը հաշվի չի առել:
Թեմին իրավաբանական աջակցություն են ցուցաբերում «Մարդու իրավունքների ուսումնասիրման և մոնիթորինգի կենտրոն»-ը եւ «Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտ»-ը:
«Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտ»-ի իրավաբան Գվանցա Լոմայան ասում է, որ Գործակալության թույլտվությունը օրենքի ոտնահարմամբ է տեղի ունեցել, քանի որ` Պատրիարքարանը չի ներկայացրել օրենքով պահանջվող հավելյալ փաստաթղթեր աշխատանքներ սկսելու, ինչպես նաև հետազոտության մեթոդաբանության վերաբերյալ:
«Եկեղեցում ոչ միայն հետազոտական, այլեւ հնագիտական պեղումներ են իրականացվել: Կասկածներ ունենք, որ շուտով նաև կվերակառուցեն»,-ասում է Լոմայան:
Վերջինիս խոսքով, Հանրային ռեեստրի դեմ Վիրահայոց թեմի հայցը նախադեպային է, քանի որ մինչ այս որևէ մեկը չի վիճարկել վրաց ուղղափառ եկեղեցուն գույք հանձնելու փաստը:
Իրավաբանի կարծիքով, ուղղափառ եկեղեցին հայ առաքելական եկեղեցու հետ ևս 6 եկեղեցու վերաբերյալ վեճ ունի: Այս եկեղեցիները հեշտությամբ կարող են հայտնվել ուղղափառ եկեղեցու տնօրինության տակ, քանի որ` պետական մարմինները ուղղափառ եկեղեցուն գույք փոխանցելու ընթացքում չեն ուսումնասիրում, թե ով է տվյալ գույքի պատմական սեփականատերը:
EMC-ի իրավաբան Էթո Գվրիտաշվիլին ասում է, որ Վրաստանը ռեստիտուցիայի վերաբերյալ օրենք չի ընդունել, որը վերաբերում է գույքի վերադարձման օրենսդրական հիմքերին:
«Պետությունը պետք է հավասար իրավական չափորոշիչներ մշակի բոլոր կրոնական խմբերի համար»,- հայտարարել է Գվրիտաշվիլին:
Միխեիլ Ավագյանն ասում է, որ պետությունը եկեղեցին Պատրիարքարանին է փոխանցել առանց Վիրահայոց թեմին տեղյակ պահելու: Թեմը պահանջում է` վերադարձնել եկեղեցին, կամ այս փուլում գոնե պետության սեփականությունը հանդիսանա, քանի դեռ հնագիտական ուսումնասիրությունները չեն ավարտվել:
Ո՞վ է եկեղեցու պատմական սեփականատերը
Վրաստանի պատրիարքարանը պնդում է, որ այնտեղ, որտեղ գտնվում է «Թանդոյանց» եկեղեցին, 19-րդ դարասկզբին հոգևորական Պետրե Իմնաձեն Սուրբ Խաչի հայտնության եկեղեցի է կառուցել:
Մերաբ Ձնելաձեի խոսքով, Սուրբ Խաչի հայտնության եկեղեցին քանդել են հայ հոգևորականները, չնայած այս փաստը ապացուցող որևէ փաստաթուղթ գոյություն չունի: Ձնելաձեն նաև չի ասել, թե ինչ տիպի շինություն է եղել Պետրե Իմնաձեի կողմից կառուցված եկեղեցին: Նշված եկեղեցու լուսանկարներ նույնպես գոյություն չունեն:
Ձնելաձեն հղվում է Վախուշտի Բագրատիոնիի կողմից 1735 թվականին ներկայացված քարտեզին, որտեղ այն ժամանակ Ախալսոփելիում (այժմ Աղմաշենեբելիի պողոտա) եկեղեցի է նշված: Ձնելաձեի կարծիքով, եթե այս եկեղեցին լիներ առաքելական եկեղեցու սեփականությունը, Վախուշտին կնշեր, ինչպես նշել է այլ դեպքերում: Հնագետի կարծիքով, այն, որ այս վայրում վրացական եկեղեցի է եղել, բավարար է ճարտարապետական միջամտությունը արդարացնելու համար:
«Հայկական եկեղեցիների մեծ մասը փոխանցվել է հայերին: Ռուսաստանը գրավել է Վրաստանը եւ մենք պատասխանատու չենք ռուսների համար: Նրանք առանց մեր համաձայնության տարածքը փոխանցել է ուրիշին եւ վերջապես արդարությունը պետք է վերականգնվի»,- ասում է Ձնելաձեն:
Գործակալությանը ուղարկված միջանկյալ զեկույցում պատրիարքարանը քիչ է խոսում «Թանդոյանց» եկեղեցու ծագումնաբանության և հակահայկական տոնայնությամբ շարունակում է պնդել, որ 1830-ական թվականներից սկսած, «ռուսականացման քաղաքականության» ժամանակ, Վիրահայոց թեմը փորձել է սեփականաշնորհել վրացական եկեղեցիները: Պատրիարքարանի կողմից ներկայացված եզրակացության մեջ հայերը ընդհանրացվում են որպես ժողովուրդ, որը գողացել է վրաց եկեղեցիները:
«Ինչպես երևում է, նման անօրինականության զոհ է դարձել Ախալսոփելիի Կուկիի եկեղեցին (եկեղեցիները)»,- կարդում ենք զեկույցում: Զեկույցում չի խոսվում, թե որ պատմական փաստով կամ աղբյուրի հիման վրա է պատրիարքարանը եզրակացրել, որ «Թանդոյանց» եկեղեցին յուրացված է:
Գործակալությանը ուղարկած զեկույցում Պատրիարքարանը հայտարարում է, որ հնագիտական աշխատանքների ընթացքում հանվել է հատակի առաջին` բետոնե հատվածը, որը կինոթատրոնի հատակ է եղել: Նշվում է, որ «Թանդոյանց» եկեղեցու տեղում մինչ այդ 3 այլ եկեղեցիներ են եղել, որոնցից ամենահինը` 15-16-րդ դարերի է:
Սեփական դիրքորոշումը ամրապնդելու համար պատրիարքարանը երկու գերեզմանաքար է օգտագործում, որոնք, ամենայն հավանականությամբ, պատկանում են Էրեկլե երկրորդի ժամանակ ապրող մարդկանց: Զեկույցում նշվում է, որ այս գերեզմանաքարերի վրա վրացական արձանագրություններ կան և օգտագործված է քորոնիկոնի (Թվարկության հին համակարգ, որը ընդունված էր քրիստոնյա երկրներում: Մեկ քորոնիկոնը Վրաստանում 552 տարին է, խմբ) այն համակարգը, որը հիմնված է աշխարհի ստեղծման վրացական ավանդույթների վրա:
«Թանդոյանց» եկեղեցին, որպես Սուրբ Խաչի հայտնության եկեղեցի են հիշատակում Պատրիարքարանին մոտ կանգնած աղբյուրները: Ամբիոն ամսագրում, 2012 թվականին հրապարակված հոդվածում, որի հարցազրույց տվողներից մեկը Պատրիարքարանի սրբության ուսումնասիրման և պահպանման գլխավոր մասնագետ Վարդիկու Արաբուլին է, պնդում են, որ «Թանդոյանց» եկեղեցու վայրում Պետրե Իմնաձեի կողմից Սուրբ Խաչի հայտնության եկեղեցի է կառուցել:
Նույն հոդվածում նշվում է Պլատոն Իոսելիանիի տեղեկանքը, առ այն, որ Սուրբ Խաչի հայտնության եկեղեցու վայրում 1856 թվականին Նիկոլոզի անվան եկեղեցի է կառուցվել: Չնայած, «Թանդոյանց» եկեղեցու կառուցման թիվը համարվում է 1866 թվականը, որը խաչաձեւ գմբեթավոր չէ:
Արվեստագետ Նատո Չիտիշվիլիի կարծիքով, Սուրբ Խաչի հայտնության եկեղեցին եղել է այնտեղ, որտեղ հիմա կանգնած է Սուրբ Նիկոլոզի եկեղեցին (Խեթագուրովի փողոց): «Թանդոյանց» եկեղեցու հայկական ծագման մասին են խոսում երկու տարբեր արվեստագետներ:
Մշակութային ժառանգության հուշարձանի գրանցման քարտում արվեստագետ Լալի Անդրոնիկաշվիլին գրում է, որ «Թանդոյանց» եկեղեցին հայկական եկեղեցի և մենաստան է եղել, ինչի մասին է վկայում տաճարին կից ճեմարանի նախկին շենքի վրա առկա հայկական արձանագրությունը:
Անդրոնիկաշվիլին չի բացառում, որ այս վայրում մինչ «Թանդոյան» եկեղեցու կառուցումը, վրացական եկեղեցու փլատակներ են եղել, չնայած, այսօր գոյություն ունեցող եկեղեցու շենքը հայկական ծագում ունի:
Երկրորդ զեկույցում, որը 2016 թվականին իրականացվել է քաղաքապետարանի պատվերով, արվեստագետ Սոփիո Ճանիշվիլին պնդում է, որ Լեւոն Մելիքսեթ-Բեկի աշխատությունում Էգնատե Իոսելիանիսեուլիի բնութագրության համաձայն, 1807 թվականին անգմբեթ և աղյուսով կառուցված եկեղեցի է կանգնած եղել, որը, ամենայն հավանականությամբ, կառուցել են տեղի հայերը:
Ճանիշվիլիի եզրակացության համաձայն, «Սուրբ Աստվածածին եկեղեցին ամենայն հավանականությամբ 1860 թվականին կառուցել է Սահակ Թանդոյանցը:
«Սուրբ Աստվածածին (Թանդոյանց) եկեղեցին Թբիլիսիի ճարտարապետական պատմության մեջ կարևոր դեր է զբաղեցնում և ամբողջովին արտացոլում է այն ժամանակվա գեղարվեստական էսթետիկայի ու շինարարական արվեստը: Սա 19-րդ դարի Թբիլիսիին բնորոշ եկեղեցական շինություն է»,- գրում է Ճանիշվիլին:
Ճանիշվիլին նաև նշում է, որ ցանկալի է ինտերյերը մաքրել, պատերն ու ճեղքերն ամրացնել և ամրապնդել առկա կառույցը:
Նատո Չիտիշվիլին գտնում է, որ Պատրիարքարանը ծրագրում է եկեղեցին ամբողջովին փոխել: Նրա խոսքերով, «Թանդոյանց» եկեղեցին եռանավ բազիլիկայի տեսք կստանա: Չիտաշվիլին պնդում է, որ «Թանդոյանց» եկեղեցու տակ գտնվող հին եկեղեցական ավերակները Պատրիարքարանին եկեղեցական շինությունը կոպտորեն փոխելու իրավունք չի տալիս:
Միշա Մեփարիշվիլի