Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Ակակի Բոբոխիձեն խորհրդարանի լիագումար նիստում անդրադարձել է կուսակից Նիկա Մելիայի և վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի միջև տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք՝ Կվիրիկաշվիլին «Միացյալ ազգային շարժում» խմբակցության նիստի ժամանակ հայհոյել է կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիային։ Բոբոխիձեի խոսքով, սակայն, Մելիան թույլ չի տվել մի այնպիսի խոսք, որը կարող էր նման «սարսափելի» արձագանքի պատճառ դառնալ:
«Կարող ենք բառ առ բառ լսել Մելիայի խոսքը: Ի՞նչ է նա ասել, որ այդպես բորբոքվել եք: Պետք է համբերություն ունենալ: Ոչ երեկ, ոչ էլ այսօր Մելիան անպարկեշտ խոսքեր չի հնչեցրել: Անկախ նրանից՝ նա ճիշտ է, թե սխալ, դա ձեզ դուր է գալիս, թե ոչ, պետք է լսեք: Պարոն վարչապետ, Ձեր վարքը ոչ ադեկվատ էր: Հիշե՛ք, նա գլխին գրեթե մազ չունի, հոգ տարեք, որ եղածը գոնե չպակասի։ Սադրանքների արդյունքում նրա հետ ինչ-որ բան պատահելու դեպքում Դուք եք պատասխանատվություն կրելու»,-վարչապետին ուղղված Բոբոխիձեի խոսքերն է փոխանցում «news.ge»-ն:
Նկատենք, որ դեպքից հետո խորհրդարանի նիստում վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հավաստիացրել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ներկայացուցիչը (նկատի է ունեցել Մելիային-խմբ․) ևս կհեռանա երկրի քաղաքական կյանքից։