Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենը եւ գեղարվեստական ղեկավարը ազատվել են պաշտոններից: Այս մասին հայտարարել է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն:
Նրա խոսքով` թատրոնի տնօրեն Ալեքսանդր Մոծոնելիձեն աշխատանքի ազատման դիմումն արդեն ներկայացրել է, գեղարվեստական ղեկավար Դավիթ Կինծուրաշվիլիի դիմումին դեռ սպասում են:
«Ալեքսանդրե Մոծոնելիձեն` հաշվի առնելով մեր առաջարկությունը, դիմում է գրել: Գեղարվեստական ղեկավարը դեռեւս չի ներկայացրել իր դիմումը և այդ պատճառով հրամանն արդեն տրվել է: Այն ուժի մեջ կմտնի ստորագրման պահից: Նաեւ հրաման կա ուսումնասիրել թատրոնում տիրող իրավիճակը: Բնական է, այդ ժամանակահատվածում պատասխանատու անձի առկայությունն անհրաժեշտ է: Այդ իսկ պատճառով Ալեքսանդրե Մոծոնելիձեն ժամանակավորապես կիրականացնի տնօրենի պարտականությունները»:
Ինչ վերաբերում է նոր տնօրենին, Գիորգաձեն նշել է, որ նախարարությունը դեռ պետք է հարցի շուրջ քննարկում անցկացնի, որի արդյունքները կներկայացվեն հանրությանը: