«Պաշտպանության նախարարությունում վերջին տարիներին հիմնարար բարեփոխումներ են իրականացվել, սպասելիքները մեծ են»,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին:
«Առաջին հերթին, շարունակում ենք շատ ճիշտ խորհրդարանական ավանդույթը, այսինքն խորհրդարանում ամեն տարի լսում ենք Պաշտպանության նախարարին: Սա շատ կարևոր է խորհրդարանական վերահսկողության տեսանկյունից: Պետք է ասել, որ նույնիսկ փոխշահավետ է»,- հայտարարել է Սեսիաշվիլին:
Վերջինս պնդել է, որ խորհրդարանականները նախարարին բազմաթիվ հարցեր ունեն, որոնք վերաբերում են ռազմական կրթությանը, ենթակառուցվածքային ծրագրերին, ուսումնավարժանքներին, սարքավորումներին և այլն:
«Քանի որ սպասումները շատ են, հետևաբար, հարցերը նույնպես շատ են: Վստահ եմ, որ պատգամավորները Պաշտպանության նախարարից սպառիչ պատասխաններ կստանան»,- ընդգծել է Սեսիաշվիլին:
Նշենք, որ այսօր Վրաստանի խորհրդարանում Պաշտպանության նախարար Լևան Իզորիան հանդես է գալու տարեկան զեկույցով: