«Ես այլևս չեմ պատրաստվում հարցաքննության ներկայանալ»,-պետական անվտանգության ծառայությունում որպես վկա հարցաքնվելուց հետո լրագրողներին ասել է Թեմիրլան Մաչալիկաշվիլիի հայրը՝ Մալխազ Մաչալիկաշվիլին։
Նրա ենթադրությամբ, հարցաքննությունը պարբերաբար բնույթ է կրում, որպեսզի կանխվի երկրից իր հնարավոր հեռացումը։ «Այսօրվա հարցաքննությունից հետո մտադիր չեմ շարունակել մասնակցել․ դրանք կրկեսային ներկայացումներ են»,-ասել է նա:
Հիշեցնենք՝ Պանկիսիում Վրաստանի պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում գլխի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել Թեմիրլան Մաչալիկաշվիլին, այնուհետև հիվանդանոցում մահացել է:
ՊԱԾ-ի հայտարարության համաձայն՝ Պանկիսիի գործողությունը կապված էր Թբիլիսիում վնասազերծված ահաբեկչական խմբի հետ։ Թեմիրլան Մաչալիկաշվիլիի հայրը, որ պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում, որդու սպանության մեջ մեղադրում է ներքին գործերի և պետական անվտանգության ծառայության ղեկավարներին։