Չինաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել երկրի տարածքում վրացական արտադրանքի տարածման նպատակով իրականացվելիք միջոցառումներին։
Պեկինում Չինաստանի առևտրի նախարար Ճոն Շանի հետ կայացած հանդիպումից հետո տեղեկացրել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին։
Վերջինիս խոսքով, Ճոն Շանի առաջարկը աննախադեպ է, այն նպաստելու է վրացական արտադրանքի արտահանման ծավալների աճին:
«Այսօր մենք վրացական արտադրանքի տարածման հարցում ևս մեկ աննախադեպ առաջարկ ստացանք: Նախարարն առաջարկեց մի քանի կարևոր միջոցառումներ իրականացնել, ինչը մեծ խթան է հանդիսանալու մեր արտադրանքի տարածման համար»,- նշել է Դիմիտր Քումսիշվիլին:
Վրաստանի փոխվարչապետի տեղեկատվությամբ, Չինաստանում վրացական արտադրանքի տարածման նպատակով միասնական խումբ է աշխատում: «Ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումից հետո Չինաստանի հետ հարաբերությունները նոր փուլ են թևակոխել»,-interpressnews-ի փոխանցմամբ, շեշտել է Քումսիշվիլին։