
Չինական երկաթուղային միջազգային ընկերությունը (China Railway International Group, CRIG) նպատակ ունի ներդրումներ իրականացնել Անակլիայի նավահանգստի կառուցման գործում: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տնտեսության եւ կայուն զարգացման նախարարության մամլո ծառայությունը:
Նախագիծն ուսումնասիրելու նպատակով ընկերության ներկայացուցիչները արդեն հանդիպել են Վրաստանի տնտեսության եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլիի, ինչպես նաև Անակլիայի զարգացման ծրագրի ղեկավարների հետ:
Հարկ է նշել, որ CRIG արդեն երկրորդ չինական կազմակերպությունն է, որ հետաքրքրվում է Անակլիայի նավահանգստով: 2017 թվականի վերջին Անակլիայիում ներդրումներ անելու հարցով համաձայնության է եկել նաև Shanghai Zhenhua Heavy Industries Co (ZPMC ) չինական ընկերությունը: Փաստաթուղթը նախատեսում է, որ ZPMC նախագծում 50 մլն դոլարի չափով ներդրում կիրականացնի: Բացի այդ, կազմակերպությունը պարտավորվել է գրավել նաև այլ չինական ներդրողների: