«Այսօր գլխավորն այն է, որ մեր Զինված ուժերը լինեն մարտական այնպիսի բարձր պատրաստվածության, որ թշնամիները մեր սահմանները ոտնահարելու հետաքրքրություններ չունենան»։ Այս մասին հայտարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում ներկայացնելով գեներալ Վլադիմիր Չաչիբայային։
Նախագահը նորանշանակ ղեկավարին հաջողություն է մաղթել դժվարագույն առաքելությունն իրականացնելու հարցում՝ շնորհակալություն հայտնելով նաև շտաբի նախկին ղեկավար գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեին։
«Խորհրդանշական է, որ Գիորգոբան՝ սուրբ Գևորգի տոնը, նշում ենք բանակի հետ միասին: Այն մարդկանց հետ, ովքեր առավելապես ներկայացնում են մեր ժողովրդին ու հանդիսանում մեր պատմության խորհրդանիշը, որը ձեռք է բերվել ուժով եւ ռազմական արժանիքներով, չարը հաղթահարելու հավատով: Այսօր մենք եւս մեկ քայլ արեցինք մեր Զինված ուժերի զարգացման հարցում»,- հայտարարել է երկրի ղեկավարը։
Դիմելով ԶՈւ-ի գլխավոր շտաբի նորանշանակ ղեկավարին՝ Գիորգի Մարգվելաշվիլին ասել է․«Պարոն գեներալ, Դուք միաժամանակ ժառանգորդն եք այն հրաշալի ավանդույթների, որոնք մեր հայրենիքի զավակները կերտել են դժվարագույն տարիներին: Դուք այն զինվորների ղեկավարն եք, ովքեր արժանապատվորեն են կրել Վրաստանի դրոշը, ինչպես Աֆղանստանում, այնպես էլ այլ մի շարք այլ խաղաղարար առաքելություններում»։
Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի լիազորությունների ստանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վազիանիի 4-րդ մեխանիզացված ռազմակայանում: Միջոցառմանը ներկա է եղել Վրաստանի Պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, դիվանգիտական կորպուսի ներկայացուցիչներ, այլ հյուրեր։