Ուսուփաշվիլի. Վարչապետն ազատվել է կառավարության հանրապետական անդամներից

Վարչապետն ուզում էր, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում կառավարությունում աշխատեն միայն իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչները:

   Այս պատճառով է, որ կառավարության երկու անդամներ ստիպված եղան թողնել իրենց պաշտոնները: Ըստ «newsgeorgia.ge»-ի, հարցի շուրջ հայտարարությամբ է հանդես եկել խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին, մեկնաբանելով Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի և Հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիի հրաժարականի դիմումները:

«Վարչապետի պատկերացումն այն էր, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ կառավարությունում չլինեն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ», — ասել է Ուսուփաշվիլին, ով` ի դեպ, հանդիսանում է պաշտպանության նախարար Խիդաշելիի ամուսինը: Խորհրդարանի խոսնակը նշել է նաև, որ չգիտի, թե ովքեր են զբաղեցնելու կառավարության թափուր մնացած պաշտոնները:

«Համոզված եմ, որ նա (վարչապետը – խմբ.) կընտրի այնպիսի թեկնածուների, որոնք լավագույնս կիրականացնեն այդ կարևոր գործառույթները», — նշել է Ուսուփաշվիլին: Հիշեցնենք, որ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նախօրեի երեկոյան բավարարել էր պետնախարարի և Պաշտպանության նախարարի հրաժարականի դիմումները:

Թինաթին Խիդաշելին ու Պաատա Զաքարեիշվիլին Հանրապետական կուսակցության անդամներ են, որը մինչև վերջերս հանդիսանում էր իշխող «Վրացական Երազանք» քաղաքական կոալիցիայի անդամ: Կոալիցիան կազմալուծվեց նախընտրական քարոզարշավի մեկնարկից ոչ շատ առաջ: Այս պահին հայտնի չէ, թե ով կզբաղեցնի պետնախարարի և պաշտպանության նախարարի թափուր պաշտոնները:

 

Թողնել պատասխան