Հնարավոր է, որ Վրաստանի պետական համալսարանների բակալավրիատի որոշ մասնագիտությունների գծով ուսման տևողությունը 4-ի փոխարեն դառնա 3 տարի։ Նույն փոփոխության համաձայն, մագիստրատուրայում իրականացվող ուսման տևողությունը կլինի 1 տարի (2-ի փոխարեն)։
Այս մասին օրենսդրական փոփոխության հարցով առաջին լսումներն արդեն տեղի են ունեցել խորհրդարանի Կրթության և մշակույթի հարցերի հանձնաժողովում։ Կրթության եւ գիտության փոխնախարար Թեյմուրազ Մուրղուլիայի խոսքով, այսպես կոչվող «Կարճաժամկետ ուսուցման ծրագիր»-ը չի նշանակում, որ ուսանողները քիչ կամ վատ են սովորելու:
«Կան որոշ մասնագիտություններ, որտեղ հնարավոր է կազմակերպել կարճաժամկետ ուսուցում: Կարևոր է երիտասարդների մուտքը աշխատաշուկա, իսկ վերոնշյալ ծրագիրը թույլ կտա դա անել: Սա ԲՈՒՀ-երի հետ մշակված օրենսդրական նախաձեռնություն է»,-հայտարարել է Թեյմուրազ Մուրղուլիան:
Այս մասին տեղեկատվություն է տարածել EDU.ARIS.GE կայքը: