Վրաստանի խորհրդարանական ընտրություններից արդեն գրեթե մեկ շաբաթ է անցել, սակայն մամուլում այն գլխավոր թեմաներից մեկն է մնում։
Հոկտեմերի 14-ին ընտրությունների թերևս ամենաթեժ կետի՝ Մառնեուլիի թիվ 48 ընտրատեղամասում տեղի ունեցած ընդհարմանն է անդրադարձել «Վրաստանում ադրբեջանցիների ազգային կոնգրես»-ի ղեկավար Ալի Բաբաևը:
Նրա խոսքով, ընտրություններն ընդհանուր առմամբ ընթացել են ժողովրդավարական սկզբունքներին համապատասխանող պայմաններում.
«Վրաստանի բոլոր անկյուններում շատ հանգիստ են ընթացել ընտրությունները․Արտակարգ դեպքեր գրեթե չեն գրանցվել: Կարող եմ ասել, որ ընտրությունները անցել են բաց, թափանցիկ և ժողովրդավարական պայմաններում: Հաճելի է, որ երկրում այլևս չի գործում Սահմանադրական անվտանգության վարչությունը, որն ահաբեկում էր ընտրողներին և պատգամավորներին»:
Անդրադառնալով Մառնեուլիի թիվ 48 ընտրատեղամասին, Բաբաևը հայտնեց իր մտահոգությունը՝ պատահարի մեջ մեղադրելով ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներին.
«Վրաց հասարակությունը պետք է իմանա, որ ադրբեջանական ողջ համայնքը մտահոգված է Մառնեուլիի դեպքերով: Այս հարձակման մասին, որի պատասխատվությունը կրում է «Միացյալ ազգային շարժմում»-ն(ՄԱՇ) ու նրա անդամները, ես ավելի վաղ էի տեղյակ: «Միացյալ ազգային շարժում»-ը ընտրել էր այնպիսի տեղամասեր, որտեղ նրանց հաղթանակի շանսերը բավականին քիչ էին: Ահմեդ Իմամկուլիևն ու Իսրաֆիլ Բայրամովն էին հրահրել երիտասարդներին, նույնիսկ անչափահասներին հարձակվել ընտրատեղամասի վրա: Ձերբակալված 6 անձանց հետևում նույնպես նրանք են կանգնած»:
Բաբաևը կոչ արեց Վրաստանի իրավապահ մարմիններին արժանի պատասխան տալ այդ դեպքերին՝ պատժելով երեխաներին հրահրողներին:
Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ «Միացյալ ազգային շարժման» անդամ Ահմեդ Իմամկուլիևից բացի հավաքված բազմությանն առաջնորդում էր նաև Պաատա Բուրճուլաձեի «Պետությունը ժողովրդի համար» կուսակցության անդամ Իսրաֆիլ Բայրամովը՝ Բաբաևը նշեց.
«Արդեն 20 տարի է քաղաքականության մեջ եմ, ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ «Միացյալ ազգային շարժման» և Պաատա Բուրճուլաձեի կուսակցության միջև տարբերություն չեմ տեսնում»:
Հիշեցնենք, հոկտեմբերի 8-ին Մառնեուլիին հարակից ադրբեջանաբնակ Ղիզիլ-Աջլո գյուղի թիվ 48 ընտրատեղամասը քարկոծվել էր բնակչության կողմից, վիրավորվել էին անվտանգության մի խումբ աշխատակիցներ։ Դեպքի վայր էին ժամանել երկրի Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները, ձերբակալվել է 6 քաղաքացի: